‘Կրակոցներ Երևանում. 1 մարդ վիրավորվել է’

659

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հիվանդանոցից Արաբկիրի բաժնում դեկտեմբերի 5-ին` ժամը 03.00-ին, ահազանգ է ստացվել, որ 1971 թ. ծնված Սամվել Ս.-ն Արամ Խաչատրյան փողոցի 11 շենքի շքամուտքում կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքներ է ստացել: Մեկնած օպերատիվ խմբին Սամվել Ս.-ն հաղորդում է տվել, որ ժամը 02.00-ի սահմաններում հիշյալ շենքի 4-րդ մուտքի դռան մոտ նկատելով մոտ 40 տարեկան անծանոթ տղամարդու՝ ցանկացել է պարզել նրա ինքնությունը: Վերջինս փորձել է փախուստի դիմել, սակայն Սամվել Ս.-ն մուտքի դռան դիմաց բռնելով նրան՝ վայր է գցել գետնին:
Այդ ընթացքում երկրորդ անձը մոտեցել է Սամվել Ս.-ին և հրազենից կրակոցներ արձակել իր ուղղությամբ՝ կրծքավանդակի աջ կեսի, որովայնի և աջ բազկի մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ, ինչից հետո դիմել են փախուստի: Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է 6,35 մմ տրամաչափի փամփուշտի 3 պարկուճ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘5 հայ օդաչուները զոհվել են հայ գեներալին պատկանող օդանավի վթարից’
Հաջորդ հոդվածը‘Հորդանանը չի մասնակցի ռազմական միջամտությանը Սիրիայի գործերին’