Երկուշաբթի առավոտյան ուսանողներից մեկը կրակահերթեր է արձակել Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում, ինչի հետևանքով զոհվել է վեց մարդ, 20-ից ավելին վիրավորվել են։
Հարձակում գործած ուսանողը նույնպես վիրավորվել է ձերբակալության ժամանակ և հիվանդանոց է տեղափոխվել։ Ինչպես պարզվել է՝ նա զենք կրելու օրինական իրավունք է ունեցել։
Համալսարանի տարածքից կրակոցներ են լսվել առավոտյան ժամը 10․30-ի կողմերը։ Ականատեսների վկայությամբ՝ հրաձիգը նախ սկսել է կրակել կամպուսի տարածքում, իսկ հետո մտել է մասնաշենքերից մեկը։
Այդ պահին համալսարանում է եղել առնվազն 3 հազար ուսանող։ Կրակոցներ լսելով՝ նրանցից շատերը բարիկադավորվել են լսարաններում, ոմանք դուրս են թռել պատուհաններից։
Վերջին տվյալներով՝ սպանվել է 6 հոգի, ևս 24 հոգի դիմել են բուժօգնության համար, նրանցից 19-ը՝հրազենային վիրավորումներով։
Սեպտեմբերի 21-ը սգո օր էր հայտարարված մարզում։ Իշխանությունները խոստացել են զոհվածների ընտանիքներին վճարել մեկ միլիոն ռուբլի, վիրավորվածներին՝ 500 հազար, իսկ վնասվածքներ ստացածներին՝ 100 հազարական ռուբլի։
Հարձակվողը վիրավորվել է դիմադրություն ցույց տալու ժամանակ, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ ՔԿ-ի տվյալներով՝ նա կրակել է որսորդական հրացանից, որը գնել էր մայիսին։ Գերատեսչությունը տեղեկացրել է, որ նրա անձը պարզվել է, սակայն անունը չի հաղորդել։ ԶԼՄ-ների տվյալներով՝ դա համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Թիմուր Բեկմանսուրովն է։
Փոխանցում է BBC-ն։