‘
Բացառիկ դրամատիկ վերջաբան ունեցավ Ռուսաստանի առաջնության 18-րդ տուր կրասնոդարյան դերբին՝ «Կրասնոդար» — «Կուբան» հանդիպումը:
Խաղի բացահայտ ֆավորիտ էր համարվում «Կուբանը», որն այժմ 4-րդ տեղում է եւ լրջորեն պայքարում է մեդալների համար: Սկզբունքային այս մրցավեճում հաշիվը 55-րդ րոպեին բացեց «Կուբանը». գեղեցիկ գոլով աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը:
Գոլ բաց թողնելուց հետո «Կրասնոդարը» տիրեց նախաձեռնությանը, սակայն «Կուբանը» հաջողությամբ պաշտպանվում էր: 84-րդ րոպեին Օզբիլիզը փոխարինվեց, եւ մեկ րոպե անց «Կուբանը» գոլ բաց թողեց: Իսկ հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին անսպասելի հանգուցալուծում եղավ. «Կրասնոդարը» խփեց երկրորդ գնդակը եւ խաղն այդպես էլ ավարտվեց՝ 2:1, հօգուտ «Կրասնոդարի»:
«Կուբանի» կազմում հայտավորված էր նաեւ Մարկոս Պիցելին, սակայն նա չմասնակցեց հանդիպմանը:
Այս խաղից հետո «Կուբանը» շարունակում է մնալ 4-րդ տեղում, սակայն, ամենայն հավանականությամբ, տուրի մյուս հանդիպումներից հետո կզիջի դիրքերը: «Կրասնոդարը» 9-րդ տեղում է:
Ռուսաստանի առաջնություն, 18-րդ տուր
«Կրասնոդար» — «Կուբան»՝ 2:1
Շիպիցին՝ 85, Մարտինովիչ՝ 90+4 – Օզբիլիզ՝ 55
‘