‘Կրեմլում չեն մեկնաբանում Զյուգանովի հայտարարությունը Չավեսի մահվան վերաբերյալ’

749

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովի հայտարարությունն այն մասին, թե ինքը «պատահական չի համարում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահը և կոչ է անում միջազգային հետաքննություն անցկացնել»:

Հիշեցնենք, որ 2011 թվականից Չավեսը պայքարում էր օնկոլոգիական հիվանդության դեմ և մահացավ մարտի 6-ի գիշերը, 58 տարեկան հասակում: Երկրում սուգ է հայտարարվել: Նախագահի պարտականությունները կատարում է փոխնախագահ  Նիկոլաս Մադուրոն, որը Չավեսի հիվանդության համար մեղադրել է Վենեսուելայի արտաքին թշնամիներին: Ըստ նրա՝ «համապատասխան հետքեր են մնացել», և այդ հարցը կհետաքննի հատուկ հանձնաժողովը: Մադուրոն նաև հայտարարել է, թե Կարակասն արտաքսել է ԱՄՆ ռազմաօդային կցորդ Դևիդ դել Մոնակոյին՝ երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձերի համար:

Զյուգանովը չորեքշաբթի «Россия-24» հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել է. «Ինչպե՞ս է ստացվել, որ միաժամանակ լատինաամերիկյան երկրների վեց առաջնորդներ, որոնք ինչ-ինչ տարաձայնություններ ունեին ԱՄՆ քաղաքականության առնչությամբ և  փորձում էին անկախ և ինքնիշխան լինելու համար ստեղծել իրենց ազդեցիկ դաշինքը, հանկարծ հիվանդացան նույն հիվանդությամբ, ինչով որ Չավեսն էր հիվանդ»: Ըստ Զյուգանովի՝ «դա ամենևին էլ պատահական չէ, պետք է պարզել և քննել, ընդ որում՝ միջազգային վերահսկողությամբ», հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունը Հայրիկյանին առաջարկել է բուժումը շարունակել արտերկրում’
Հաջորդ հոդվածը‘Զինվորականները միջամտել են՝ մրցավարին փրկելու համար. Տեսանյութ’