‘Կրեմլ. Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն Մաքսային միության հետ ինտեգրացիան եւ ԼՂ խնդիրը’

954

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի միջեւ կայանալիք հանդիպմանը կքննարկվեն Հայաստանի գործակցության հեռանկարները Մաքսային միության և Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի հետ, երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Նախանշված է նաև քննարկել ինտեգրացիոն գործընթացների զարգացումը ԱՊՀ տարածքում: Մասնավորապես, Մաքսային միության և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի Միասնական տնտեսական տարածքի հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարները, ՀԱՊԿ շրջանակներում բազմակող գործակցության ակտուալ հարցեր»,- Ուշակովի խոսքերը փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է արտաքին առևտրի ոլորտում, որի բաժինը հասնում է 23,5 տոկոսի: Դրական դինամիկա է նկատվում նաև ներդրումային ոլորտում:

«Ենթադրվում է, որ բանակցությունների կարևոր թեմա կհանդիսանան Անդրկովկասում անվտանգության ու կայունության հարցերը՝ ներառյալ ղարաբաղյան կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- հավելել է Ուշակովը:

ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի և «Խորը ու համապարփակ առևտրի ազատ գոտու մասին» համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանի հետ նախատեսված է նոյեմբերին՝ Վիլնյուսում կայանալիք Եվրամիության ղեկավարության ու Արևելյան գործընկերության երկրների առաջնորդների գագաթաժողովի շրջանակներում:

 

 

Նախորդ հոդվածը‘«Լֆիկ՝ հանցագործ», «Ալեքսանյան՝ բարեգործ». Ցույց Փակ շուկայի մոտ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանի «ֆեյք» աշխատողը Փակ շուկայի մոտ սպառնում է լրագրողին (տեսանյութ)’