‘Կրիշտիանուն մտածում է Մադրիդը լքելու մասին’

872

Ռոնալդուն իրեն գնահատված է զգում երկրպագուների և Մոուրինյոյի կողմից, բայց դժգոհ է ակումբի ղեկավարությունից, թեև Ֆլորենտինո Պերեսը սեպտեմբերին Եվրոպայի լավագույն խաղացողի մրցույթում պարտությունից և «տխուր լինելու» մասին հայտարարություններից հետո առաջարկեց Ռոնալդուին ավելի շահավետ պայմանագիր:

Պորտուգալացի խաղացողը Մադրիդում շարունակում է դժբախտ լինել, որի մասին հայտարարել էր դեռ սեպտեմբերին, և մրցաշրջանի ավարտին ավելի մոտ կլինի ակումբը լքելուն, քան պայմանագիրը երկարաձգելուն: Նա ուղղակի հոգնել է իսպանական  ֆուտբոլի «վատ տղա»-ի դերից և իրեն միայնակ է զգում իսպանական մամուլի հարձակումների առաջ: Այն դեպքում, երբ Կատալոնիայում ամեն կերպ պաշտպանում են Մեսսիին, Մադրիդում կարծես թքած ունեն խաղացողի իմիջի և տրամադրության վրա: Վերջին դեպքը, որը նրա դժգոհությունն է առաջացրել, «Լևանտե»-ի դեմ խաղում տեղի ունեցածն էր, երբ պաշտպան Դավիդ Նավարոյի հետ բախման պատճառով բժիշկները ստիպված էին 7 կար դնել Կրիշտիանույի հոնքին:

Մադրիդյան ակումբը, փոխանակ պաշտոնապես արձագանքեր տեղի ունեցածին և մրցավարների կողմից ավելի մեծ ապահովություն պահանջեր, ինչպես, օրինակ,  Բարսան՝ Մեսսիի դեպքում, ընդամենը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ խաղից հետո հանդերձարանում տեղի ունեցածի հարցում պաշտպանում էր Պեպեին: Հիշեցնենք, որ ըստ «Լևանտե»-ի խաղացողների՝ պորտուգալացի պաշտպանը հաղթանակից հետո մոտեցել է իրենց հանդերձարանին, սկսել է պարել և վիրավորել իրենց թիմի խաղացողներին:

Ռոնալդուի դժգոհությունները կապված են նրա հետ նաև, որ Մադրիդի «Ռեալ»-ը չի օգտագործում իր ամբողջ ազդեցությունը, որպեսզի ինքն արժանանա անհատական մրցանակների, խոսքը անցյալ խաղաշրջանի «Լա լիգա»-ի լավագույն խաղացողի մրցանակի մասին է, որը, չնայած մադրիդցիների չեմպիոնությանը, հերթական անգամ բաժին հասավ Լեո Մեսսիին: Այսպիսով, էլ ավելի քչացան պորտուգալացու հնարավորությունները հունվարին ոսկե գնգդակի համար պայքարում:

Ռոնալդուն ակումբից ակնկալում է այնպիսի վերաբերմունք, ինչպիսին դրսևորում է Բարսան Մեսսիի հանդեպ: Բարսան, ի տարբերություն Մադրիդի «Ռեալ»-ի, օգտագործեց իր ազդեցությունը և կարողացավ այնպես անել, որ Մեսսիի բախումները խաղադաշտում իր թիմակից Դավիդ Վիլյայի և «Սելտա»-ի պաշտպան Խոնատան Վիլայի հետ, մնացին ստվերում և ոչ մի ազդեցություն չունեցան արգենտինացու իմիջի վրա: Թեպետ և մայրաքաղաքային մամուլը Մեսսիին ներկայացնում էր որպես ամենաեսասեր խաղացող:

Սեպտեմբերին, տխուր լինելու մասին հայտարարությունից հետո, ակումբը միանգամից արձագանքեց և ՔՌ7-ին առաջարկեց ավելի շահավետ պայմանագիր, բայց խաղացողը դրան պատասխանեց, որ խնդիրը նյութական չէ, և այն շատ ավելի խորն է: Այստեղից պարզ է դառնում, որ եթե Ֆլորենտինո Պերեսը ավելի մեծ ուշադրություն չդարձնի իր աստղի իմիջին, ապա նա պատրաստ է ավելի լուրջ դիտարկել Մադրիդը լքելու տարբերակը:

Որո՞նք են Ռոնալդուի կարիերան շարունակելու հավանական տարբերակները  

Մադրիդը լքելու որոշում կայացնելուց հետո պարզ է, որ միանգամից բազմաթիվ ակումբներ կհայտնվեն, ովքեր կցանկանան իրենց կազմում  ունենալ պորտուգալացու կարգի աստղի: Առաջին հերթին՝ «Մանչեստեր Յունայթեդ»-ը, որի գլխավոր մարզչի մասին Կրիշտիանուն մինչև հիմա նշում է, որ իր համար Ֆերգյուսոնը երկրորդ հայր է եղել: Բացի Ֆերգյուսոնի «գիրկը» վերադառնալուց, իհարկե, կան այլ տարբերակներ ևս: «Մանչեստեր Սիթի»-ն և ՊՍԺ-ն արդեն իսկ հետաքրքրություն են դրսևորել նրա իրավունքները ձեռք բերելու ուղղությամբ, սրանք այն ակումբներն են, որոնք կարող են բավարարել նրա ցանկացած պահանջ՝ նյութական առումով, ինչը, որքան էլ Ռոնալդուն հերքի, միևնույն է, շատ է կարևորում:

Ամեն դեպքում, չնայած իսպանական և պորտուգալական մամուլի տեղեկություններին, այնպիսի մեծ ամբիցիաների տեր անձնավորության համար, ինչպիսին է Կրիշտիանուն, դժվար կլինի լքել Մադրիդը՝ այդպես էլ չշրջանցելով իր գլխավոր հակառակորդ Լեո Մեսսիին: Բայց փոխարենը, տեղափոխվելով մեկ այլ երկիր, նա կկարողանա հանգստանալ և այդքան չի կառչի Լեո Մեսսիից, որը, շատերի կարծիքով, ամենից շատն է խանգարում նրան:

Աղբյուրը «ԱՍ» օրաթերթ

Նախորդ հոդվածը‘BBC-ն 185 հազար ֆունտ կվճարի լորդ Մակելփայնին’
Հաջորդ հոդվածը‘«Ազատության քայլերթ»՝ հանուն առանց քաղբանտարկյալների Հայաստանի ‘