Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» եւ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը սրտի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողանա մասնակցել Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանին, հաղորդում է ակումբի մամուլի ծառահությունը։
29-ամյա ֆուտբոլիստը սրտի կանգ էր ունեցել Եվրո-2020-ի ժամանակ։
«Իտալիայի բուժվարչությունն արգելել է Էրիկսենի մասնակցությունը Իտալիայի ընթացիկ առաջնությանը։ Թեեւ նրա առողջական վիճակը չի համապատասխանում Իտալիայում խաղալու պահանջներին, սակայն այլ երկրներում Էրիկսենը կարող է վերսկսել մրցումային գործունեությունը»,- նշվում է «Ինտերի» հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպման ժամանակ Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը և մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել հիվանդանոց: Նրա սիրտը մի քանի վայրկյան կանգ էր առել: Էրիկսենի կրծքավանդակում տեղադրվել է կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր, որը կանխում է կյանքին սպառնացող սրտային առիթմիաները եւ սրտի կանգը։ Իտալիայում արգելված է պրոֆեսիոնալ մրցումներին մասնակցելը կարդիովերտեր-դեֆիբրիլյատորով մարզիկներին։
