Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» նախկին կիսապաշտպան, դանիացի Կրիստիան Էրիկսենը միացավ անգլիական «Բրենթֆորդին», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Կրիստիան Էրիկսենը սրտի վիրահատությունից հետո 2021թ․ դեկտեմբերի 2-ին առաջին մարզումն էր անցկացրել, սակայն դանիական «Օդենսե» ակումբում։
Իտալիայի ֆուտբոլային իշխանությունները թույլ չէին տվել Էրիկսենին պրոֆեսիոնալ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվել Իտալիայում, քանի դեռ նրա կրծքավանդակում տեղադրված է սրտի ռիթմը կարգավորող կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր։
Էրիկսենը հայտնել էր, որ ցանկանում է վերսկսել կարիերան հաջորդ մրցաշրջանում։ Նրան վերադարձնելու ցանկություն էր հայտնել նաեւ Ամստերդամի «Այաքսը», որի երիտասարդական եւ գլխավոր թիմերում հանդես է եկել 2009-2013 թվականներին։ «Ինտերը» հայտարարել էր, որ դեմ չէ նրա տեղափոխությանն այլ ակումբ։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպման ժամանակ Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը և մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել հիվանդանոց:
Նրա սիրտը մի քանի վայրկյան կանգ էր առել: Էրիկսենի կրծքավանդակում տեղադրվել է կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր, որը կանխում է կյանքին սպառնացող սրտային առիթմիաները եւ սրտի կանգը։
