Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Եվրո-2020-ի ժամանակ սրտի կանգ ունենալուց հետո Կրիստիան Էրիկսենը խաղադաշտ էր վերադարձել այս տարվա հունվարին և միացել անգլիական «Բրենթֆորդին»։
Անգլիայում դանիացին 2013-2020-ին խաղացել է նաև Լոնդոնի «Տոտենհեմում»։ Անգլիայի Պրեմիեր լիգայում նա մասնակցել է 237 հանդիպման, դարձել 52 գոլի ու 71 գոլային փոխանցման հեղինակ։