‘Կրկեսը քանդել են, Սամվել Կարապետյանի 107 մլն-ն էլ՝ փոշիացրել’

1462

Երևանի կրկեսի` 2011 թ.-ի սեպտեմբերին սկսված վերանորոգումը նախատեսված էր ավարտել 2014 թ.-ի վերջին: Համենայն դեպս, այս ժամկետն է նշված կառավարության հետ կրկեսի տնօրինության կնքած պայմանագրում: 

Պայմանագրով շինարարական աշխատանքներին 1.5 տարի է մնացել, իսկ շենքն այդպես էլ չի կառուցվել: Ավելին, կրկեսի տնօրեն Հովհաննես Գասպարյանը դիմել է կառավարություն`խնդրելով փոփոխել պայմանագրով նախատեսված որոշ դրույթներ: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն ժամկետներին, այլև ներդրումների ծավալին: Այս մասին գրում է «Փաստինֆո» գործակալությունը:

Դեռևս 14.02.2006թ.-ին կրկեսի տնօրենի և պետական լիազոր մարմնի միջև կնքված մասնավորեցման պայմանագրով կրկեսի տնօրինությունը պարտավորվել էր շենքի վերանորոգման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ներդնել 650 մլն դրամ:

Գործակալությունը նշում է, որ կրկեսի ղեկավարությունը թեև հանդիսանում էր դրա սեփականատերը, բայց քանի որ այսպիսի գումարներ չուներ, կրկեսի նոր շենքի կառուցման հովանավոր էր դարձել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը:  

Կառավարության և կրկեսի տնօրենի միջև ստորագրված պայմանագրով նաև ներդրումների հստակ ժամանակցույց էր սահմանվել. մինչև 31.12.2011թ.՝ 100 մլն դրամ, մինչև 31.12.2012թ.՝ 150 մլն դրամ, մինչև 31.12.2013թ՝. 200 մլն դրամ և մինչև 31.12.2014թ.՝ 200 մլն դրամ:

Սակայն այս տարի կառավարություն ներկայացրած գրությամբ Հովհաննես Գասպարյանը խնդրել է պայմանագրում սահմանված ժամկետները երկարաձգել, առաջարկելով ներդրումները կատարել հետևյալ ժամկետներում.  մինչև 31.12.2013թ.՝ 193 մլն դրամ, 31.12.2014թ.՝ 200 մլն դրամ և 31.12.2015թ՝. 150 մլն դրամ:  

Սակայն, փոխվել են ոչ միայն ժամկետները, այլև նվազել է ներդրումների ծավալը: 650 մլն-ի փոխարեն կրկեսի տնօրինությունն առաջարկում է կատարել 543 մլն-ի ներդրում:

Բանն այն է, որ ըստ Հ.Գասպարյանի, 2011թվականի ընթացքում կրկեսի շենքի վերակառուցման նպատակով արդեն կատարվել է 107.9 մլն դրամի ներդրում և մնացել է ևս 543 մլն դրամ ներդնել:

Հիշեցնենք. 2012թ-ի սեպտեմբերի 8-ին կրկեսի շենքը պայթեցվել էր` տեղում նոր` ավելի հարմարավետ և ժամանակակից շենք կառուցելու նպատակով:  

Փաստորեն ստացվում է, որ նախ շենքի վրա 100 մլն-ից ավելի դրամ է ծախսվել, հետո շենքը պայթեցվել է:  

Ի դեպ, կրկեսի շենքը պայթեցնելու պատճառների մասին ժամանակին այդպես էլ պաշտոնական սպառիչ բացատրություն չտրվեց: Եվ ահա 1 տարի անց վերջապես բացահայտվում են իրական պատճառները:  

Կրկեսի տնօրենը կառավարությանն ուղղված նամակում գրում է. «իրականացվող հերթական շինարարական աշխատանքների քննարկման արդյունքում (շին. մասնագետների խորհրդով) անհրաժեշտություն է առաջացել ստուգելու շենքի սեյսմակայունության հարցը, ինչի հիման վրա 17.02.2012թ., ստանալով մասնագիտական եզրակացություն, պարզ է դարձել, որ շինարարությունը շարունակելն անհնար է, շենքը սեյսմակայուն չէ և ենթակա է քանդման»:

Պակաս հետաքրքրական չէ նաև կառավարության արձագանքը տնօրենի նամակին. «Հաշվի առնելով այն փաստը, որ շենքի սեյսմակայունության մասին պայմանագրի կողմերից որևէ մեկը չի իմացել, նախկինում կատարված ներդրումների իմաստը կորել է»: Այսինքն` կողմերից յուրաքանչյուրը յուրովի խոստովանում է, որ նման խոշոր շինարարական ծրագիրն իրականացվել է առանց համապատախան փորձաքննությունների և պատշաճ ուսումնասիրությւնների: Արդյունքում 107 մլն-ը ուղղակի փոշիացվել է:

Սակայն կա նաև մեկ այլ վարկած. Նախքան կրկեսի շենքը պայթեցնելը, 2012 թ-ի հուլիսին, նախ պայթեցվեց շենքի գմբեթը` մեկնաբանությամբ, թե շինության հիմնական մասը պահպանվելու է և ծառայելու է նախատեսված նոր կառույցի հիմք: Չի բացառվում, որ շենքի ամրությունը տուժել էր հենց այս առաջին պայթյունից և հետագայում պարզ էր դարձել, որ այն ևս պետք է պայթեցվի:

Սակայն, այս դեպքում ևս եզրահանգումը նույնն է. Շինարարական ծրագիրն իրականացվել է առանց մասնագիտական եզրակացությունների և ուսումնասիրությունների:  

Ինչևէ, փաստը մնում է այն, որ այս ամենի արդյունքում փոշիացվել են բավական կլորիկ գումարներ (եթե իհարկե դրանք ի սկզբանե ներդրվել էին), իսկ պատկան մարմինները համապատասխան քայլեր ձեռնարկելու փոխարեն մտածում են պայմանագիրը ստեղծված իրավիճակին հարմարեցնելու մասին:

Կրկեսին առնչվող նախագիծն արդեն ներառված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում և արժանացավ կառավարության հավանությանը:

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար բոլոր հիմքերը կան’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովը կվերլուծի պետական միջոցների յուրացումը ‘