‘Կրկեսի և երդմնակալության տոմսերը պետք է վճարովի լինեն. Մամուլ’

907

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Բանից պարզվում է՝ Ազգային ժողովի ղեկավարությունը որոշել է պահումներ անել բոլոր այն պատգամավորների աշխատավարձերից, ովքեր չեն մասնակցել ապրիլի 9-ի ԱԺ հատուկ նիստին, այսինքն՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը: (iLur.am -խոսքը ԱԺ չորս խմբակցություններից 39 պատգամավորի մասին է։ Այդ բացակայությունը համարելով անհարգելի՝ նիստին չմասնակցած ԱԺ պատգամավորների աշխատավարձերից արվել են պահումներ մոտ 10 հազար դրամի չափով):

«ՉԻ» — Իրականում պետք էր ճիշտ հակառակն անել՝ պահումներ անել բոլոր այն պատգամավորների աշխատավարձերից, ովքեր մասնակցել են երդմնակալությանը: Դա ավելի արդարացի կլիներ, որովհետև եթե կրկեսի ներկայացումները դիտելը վճարովի է, ինչո՞ւ պիտի պատգամավորները համանման մեկ այլ միջոցառում դիտեն անվճար:

Ի դեպ, թող որևէ մեկը չնեղանա, որ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը համեմատում ենք կրկեսային ներկայացման հետ: Ծաղրածուներ՝ կային (ուրիշ բան մի մտածեք, Միխայիլ Գալուստյանին նկատի ունենք), վարժեցված կենդանիներ՝ կային (անուններ չտանք), աճպարարություն՝ կար (հենց միայն նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումն ինչ ասես արժեր), մի խոսքով՝ շոուն ապահովված էր: Ափսոս՝ երդման տեքստի ընթերցանությունից առաջ որևէ մեկն «ալե հո՛պ» չբացականչեց: Բայց համաձայնեք՝ չարժե դրա պատասխանատվությունը դնել բացակա պատգամավորների վրա:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 6-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘«Առաջարկում եմ Ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,- Արցախում ասել է Մոնսերատ Կաբալիեն (Լուսանկարներ, Տեսանյութ)

 ‘