‘Կրկին բախումներ՝ ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև’

802

Ցուցարարների և ոստիկանության միջև Անկարայում կրկին բախումներ են տեղի ունեցել, հինգշաբթի հաղորդել  է CNN Turk-ը: Չնայած ոստիկանության նախազգուշացումներին՝ դադարեցնել ակցիան, ավելի քան 3 հազար ցուցարարներ շարունակել են բողոքի ցույցը: Ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել, հայտնում է հեռուստաալիքը:

Անկարայում և Ստամբուլում հազարավոր թուրք իրավաբաններ, իրենց սև պատմուճաններով, դուրս են եկել փողոց՝ բողոք արտահայտելու  հակակառավարական ցույցերը ցրելու ընթացքում ոստիկանության գործողությունների նկատմամբ: Երեքշաբթի օրը ոստիկանությունը ձերբակալել էր տասնյակ իրավաբանների, ովքեր միացել էին ցուցարարներին: «Մենք այստեղ ենք՝ խոսքի ազատությունը պաշտպանելու համար»,- հայտարարել է իրավաբաններից մեկը: Ցուցարարները Էրդողանին մեղադրել են ավտորիտարիզմի և իսլամական արժեքներն աշխարհիկ պետությանը պարտադրելու մեջ:

Գեզի պուրակի հետ կապված իրադրությունը քննարկելու նպատակով Էրդողանը հանդիպել է բողոքի ակցիաների 11 ակտիվիստների հետ, որոնց թվում եղել են նկարիչներ, ճարտարապետներ և սոցիալական ցանցերի մասնագետներ: Սակայն պուրակում հավաքված ցուցարարները և «Համերաշխություն Թաքսիմին» կազմակերպության ղեկավարները հայտարարել են, որ այդ 11 հոգին չեն կարող հանդես գալ իրենց անունից: Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Ստամբուլում Գեզի պուրակի վերակառուցման հարցով հանրաքվե կազմակերպելու հարցը, միաժամանակ՝ ցուցարարներին կոչ է արել լքել պուրակը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե հանդուրժողականություն չի դրսևորի նրանց նկատմամբ, ովքեր վնաս են հասցնում Թուրքիային: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝  նա ներքին գործերի նախարարին 24 ժամ ժամանակ էր տվել՝ Գեզի պուրակում ցույցերը դադարեցնելու համար: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ավելի զուսպ դիրք է գրավել և հայտարարել է, թե իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն ցուցարարների պահանջներին, փոխանցում է bbc.russian-ը:

 

Նախորդ հոդվածը‘Կճոյանը՝ «օֆշորային պատմության մասին». Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյանն ԱՄՆ դեսպանատանը խոսել է Հայաստանի քաղբանտարկյալների մասին’