‘Կրկին խոշոր խմբաքանակի թմրամիջոց է հայտնաբերվել, բայց նախորդ հայտնաբերվածի մի մասը դեռ չի գտնվել’

765

Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների օպերատիվության շնորհիվ, շարունակվում են թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր խմբաքանակներ բացահայտվել: Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ բարձրանում է մաքսային իրավախախտումների բացահայտման մակարդակը: 2014 թվականի հունվար-հունիսին արձանագրված մաքսային կանոնների խախտման 42 դեպքերից 14-ը թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման փորձերն են:

Ըստ ՆՀՎ վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, հունվարին շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումից հետո վարչությունը թմրամիջոցի ապօրինի արտահանման հերթական խոշոր խմբաքանակն է կանխել. «Իրացնելով օպերատիվ տվյալները` առանձնակի խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի արտահանման 2 դեպք ենք բացահայտել: Իրանի 2 քաղաքացի փոստային ծանրոցներով փորձ են արել շուրջ 4.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց արտահանել Կանադա, ինչը, սակայն, մեր աշխատակիցների զգոնության և արագ կողմնորոշման շնորհիվ հաջողվել է կանխել»:

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ «իրացնելով օպերատիվ տվյալները` առանձնակի խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի արտահանման 2 դեպք է բացահայտվել: Իրանի 2 քաղաքացի փոստային ծանրոցներով փորձ են արել շուրջ 4.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց արտահանել Կանադա, սակայն, հաջողվել է կանխել»:

Մաքսանենգներն այս անգամ փոստային առաքանիների միջոցով են փորձել իբր իրանական արտադրության ապրանք առաքել Կանադա, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում զննման ենթարկելով  փոստային ծանրոցը` ՆՀՎ աշխատակիցները մետաղյա պտուտակի հորիզոնական հատմամբ հայտնաբերել են  2 կիլոգրամ 200 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող յուրահատուկ սուր հոտով մուգ շագանակագույն զանգված:

Մյուս դեպքով էլ էլեկտրական արդուկն է թմրանյութի թաքստոց դարձել. արդուկ-պրեսի փայտանման հարթակից ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են պոլիէթիլենով և փայլաթիթեղով փաթեթավորված ավելի քան 2կգ ընդհանուր քաշով՝ նույնպես ափիոնանման զանգված:

Հիշեցնենք, որ 2014թ հունվարի 18-ին առգրավվել էր 928 կգ հերոին: Սակայն, հունիսի 26-ին՝ հրապարակելով 2014թ. առաջին 5 ամիսներին ոստիկանության կողմից ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների տվյալները ոստիկանության թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ, մայոր Տիգրան Սահակյանը տեղեկացրել է, որ իրավապահների կողմից այս տարի առգրավվել է ընդամենը` 850կգ 191 գրամ հերոին: Իսկ այն հարցին, թե այդ դեպքում ո՞ւր կորավ 78 կգ հերոինը, մայոր Սահակյանը պատասխանել էր. «Չգիտեմ»:

Նախորդ հոդվածը‘Իլհամ Ալիևն «ադրբեջանական տարածքների օկուպացման» վերաբերյալ հին երգն է երգել’
Հաջորդ հոդվածը‘Կոնյակի արտադրությունը կրճատվել է, օղունը՝ աճել’