‘
Պետական եկամուտների կոմիտեում վերջին ամիսներին 483 հաստիք է կրճատվել, լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
«Զուտ կառուցվածքային փոփոխության արդյունքում ձեւավորվել է նոր կառուցվածք եւ դրա հետեւանքով շուրջ 483 հաստիք կրճատվել է: Տարիների ընթացքում ՊԵԿ-ը վերազինվել է, վերազինվել է ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգը եւ դա պետք է ուշ թե շուտ բերեր նման հանգուցալուծման: Այսօրվա նոր տեխնոլոգիաների դարաշրջանում բնական է, որ մարդկային գործոնի առկայությունն ավելի է քչանում եւ դրա արդյունքում ունեցել ենք այն ինչ այսօր ունեցել ենք՝ կրճատումներ», — ասել է Հարությունյանը:
Ըստ iLur.am-ի տվյալների, կրճատվածները մեծամասամբ փոքր քաղաքների տարածքային բաժանմունքների շարքային աշխատողներ են, կենտրոնական ապարատում կրճատումները չնչին են:
Վարդան Հարությունյանն ինքը չի բացառել, որ կրճատումների ընթացքում լինեն սուբյեկտիվ մոտեցումներ՝ պատճառաբանելով դա աշխատանքները կազմակերպելու ժամկետի սղությամբ: «Այն աշխատակիցները, որոնք բարեխիղճ աշխատել են և միգուցե դուրս են մնացել աշխատանքից, մեր տեսադաշտից դուրս չեն մնա», — ասել է ՊԵԿ նախագահը։
‘