‘Կրտսեր դպրոցում տեղի ունեցած արյունալի կոտորածի պատճառով ԱՄՆ-ում քառօրյա սուգ է հայտարարվել (տեսանյութ, ֆոտոշարք)’

1393

Քսանամյա Ադամ Լանզան ուրբաթ օրը արյունալի կոտորած է կազմակերպել ամերիկյան Քոնեքթիքութ նահանգի Սենդի Հուք կրտսեր դպրոցում՝ գնդակահարելով, վերջին տվյալների համաձայն՝ 27 հոգու, այդ թվում՝ 20 երեխաների: Ամերիկյան հասարակության մեջ կրկին բուռն բանավեճ է ծավալվել այն մասին, թե ինչ է հարկավոր անել՝ մարդկանց, հատկապես՝ երեխաներին, հոգեպես անհավասարկշիռ մարդասպաններից պաշտպանելու համար:

Զոհվածների թվում է նաև հանցագործի մայրը՝ Նենսի Լանզան, որն այդ դպրոցի դաստիարակներից էր: Հանցագործը տեղում ինքնասպան է եղել:

Այս ողբերգության մասին լուրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է արցունքոտ աչքերով: «Զոհվել են հինգից տասը տարեկան երեխաներ: Ես ինքս էլ հայր եմ, և ինձ համար դժվար է դա պատկերացնել: Մենք պետք է ամեն ինչ անենք՝ դպրոցներում կրակոցներին վերջ դնելու համար»,- ասել է Օբաման Սպիտակ տանը մամլո ասուլիսի ժամանակ:

Գնդակահարությունը տևել է մի ամբողջ ժամ

27 հազար բնակչություն ունեցող Նյութաուն քաղաքում տեղի ունեցածի պատկերն այնքան սոսկալի էր, որ հենց վիրահատության մասնակիցներից ոմանք բժշկական և  հոգեբանական օգնության կարիք ունեին:

New York Times-ի տվյալներով՝ դպրոցում կրակոցների մասին 911 հեռախոսահամարով առաջին զանգն ստացվել է ուրբաթ օրը, առավոտյան ժամը 9:30-ին, կրակոցները դադարել են ժամը 10:30: Մարդասպանը կամուֆլյաժով է եղել: Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, նա բավական դիպուկ է կրակել իր կենդանի թիրախներին: Երեխաները և ուսուցիչները խուճապի են մատնվել, սակայն երեխաներին սկսել են դպրոցի շենքից դուրս բերել մինչև կրակոցների դադարելը: Վերջին կրակոցով Լանզան ինքնասպան է եղել: Կրակոցների ժամանակ դպրոցում առնվազն 600 երեխա է եղել: Օրվա ընթացքում չափազանց իրարամերժ տեղեկություններ էին ստացվում. սկզբում խոսվում էր ընդամենը մի քանի վիրավորների մասին, ապա՝ մեկ սպանվածի: ԶԼՄ-ների վերջին տվյալներով՝ հանցագործի զոհ է դարձել 27 մարդ, որից 20-ը՝ երեխաներ:

Ադամ Լանզայի հանցանգործության դրդապատճառները հայտնի չեն: AP գործակալության տեղեկություններով՝ նա օրինակելի աշակերտ էր, փոքր-ինչ ինքնամփոփ, գոթերի ենթամշակույթի հետևորդ էր, որը հայտնի է իր մռայլությամբ:Լանզաների ընտանիքն ապրում էր Նյութաունի հեղինակավոր թաղամասում, որտեղ բնակվում են General Electric, Pepsi և IBM ընկերությունների աշխատողները: Ծնողներն ամուսնալուծվել են 2008 թ., և հայրը հեռացել է ընտանիքից: ABC հեռուստակայանի տվյալներով՝  General Electric-ում նա զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը: Ադամ Լանզայի 24-ամյա եղբայրը, որին ԶԼՄ-ներն սկզբում սխալմամբ ընդունել էին հանցագործի տեղը, համագործակցում է հետաքննության հետ, սակայն հայտարարել է, որ վերջին երկու տարիներին չի շփվել եղբոր հետ:

Քաղաքացիները պահանջում են արգելք դնել զենքի վրա

Լանզան դպրոցում է հայտնվել երկու ատրճանակով՝ Glock և Sig Sauer, և կիսաավտոմատ հրացանով: Ինչպես հետագայում պարզվեց՝ այդ ողջ զինանոցը միանգամայն օրինական ծագում ուներ. նրա մայրը, որին հարևաններն ու ծանոթները դրական են գնահատում, սիրում էր կրակել թիրախին:

ԱՄՆ-ում զենքն արգելելու կողմնակիցները նոր թափով են հանդես գալիս սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունները մտցնելու օգտին:

Սուգ

Որպես սգո նշան՝ ԱՄՆ-ում չորս օրով իջեցվել են ազգային դրոշները: Քոնեքթիքութի դպրոցում տեղի ունեցած ողբերգությունը զոհերի թվով ԱՄՆ պատմության մեջ երկրորդն է՝ 2007 թ. Վիրգինիայում կատարված հանցագործությունից հետո, երբ զոհվել էր 32 հոգի:

«Քոնեքթիքութի նահանգապետը կստանա անհրաժեշտ օգնությունը… Իսկ մենք (Վաշինգտոնում) պետք է մի կողմ թողնենք բոլոր քաղաքական տարաձայնությունները և լուծենք այսպիսի միջադեպերի կրկնությունը բացառելու հարցը»,- հայտարարել է Բարաք Օբաման մամլո ասուլիսում: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ում չափազանց հաճախ են տեղի ունենում նման միջադեպեր: Ելույթ ունենալիս Օբաման չի կարողացել թաքցնել հուզմունքը:

Արյունալի ողբերգության կապակցությամբ իր վշտակցությունն են հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը, բրիտանական վարչապետ Դևիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և աշխարհի այլ առաջնորդներ:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլիստների` 2012թ. ամենասեքսուալ կանայք. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Freedom House. «Ազատություն» ռադիոկայանի տնօրենը ԶԼՄ-ներին ավելի շատ է վնասել հասցրել, քան Պուտինը’