‘Կցկտուր հուշեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ‘

9661

«Հը՞, էլի դառար իմ ընկե՞րը»,- հարցրի: Բարձր, իր նման, շատ բարձր ծիծաղեց. «Լիզա՞…»: Էլի ծիծաղեց, էլի ծիծաղեց: Ասաց. «Վայ, Լիզաաաաաաա, բոլորը փոխվեցին, դու նույնը մնացիր: Առաջինը մամաս զանգեց, երկրորդը` դու»:

Վազգենն էր: Կեսգիշերին լսեցի` հրաժարական է տվել, անմիջապես զանգեցի: Պատերազմի տարիներն էին, բոլոր կողմերից հարվածում էին Վազգենին. ինքը որոշեց, թե Գերագույն հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին որոշեցին, ամեն դեպքում որոշվեց, որ Վազգեն Սարգսյանը հրաժարական տա: Հարցրի` ինչու՞, ասաց` գուցե իմ հրաժարականից հետո բանակին էլ էսքան չհարվածեն:

Հենց վերցրեց լսափողը, առանց բարեւ-մարեւի, ասացի` հը՞, էլի դառար իմ ընկե՞րը:

Միշտ էր իմ ընկերը, բայց պաշտոնյա էր ամեն դեպքում: Ես էլ պաշտոնյաներին զանգելու «սեր» չունեի: Եսիմ ինչ պետք է լիներ, որ զանգեի: Ու էդ եսիմինչը եղել էր, Վազգենը հրաժարական էր տվել, նորից դարձել էր իմ արձակագիր ընկեր Վազգենը, ու ես հին օրերի նման զանգեցի արձակագիր ընկերոջս: Ասաց` վաղը կգամ ձեր տուն: Եկավ: Դե, Վազգենն էր գալու, ընկերներիս հավաքեցի գլխիս: Վանոն էլ եկավ: Որ հավաքվում էինք իրար գլխի, երգում էինք: Ամենալավը Վանոն էր երգում, հետո` Վազգենը: Մեկս` լավ, մեկս` մի կերպ, բայց երգում էինք: Հիշում եմ` իմ վերեւի հարեւանուհին մի օր խոստովանեց. «Էդ տարիներին ձեր երգերը պահեցին ինձ, որ դիմանամ»: Միայն հարեւանուհուս չպահեցին մեր երգերը, մեզ էլ պահեցին:

Վազգենի ծիծաղին սկիզբ ու վերջ չկար էդ օրը, շատ ուրախ էր. չգիտեմ` հին ընկերներին էր կարոտել՝ դա էր պատճառը, թե ինքն իր որոշումը ճիշտ էր համարել ու թեթեւացած էր… Իր նման ծիծաղում էր ու ծիծաղում, բարձր-բարձր, մի քիչ երեխայի նման, մի քիչ` մահեր տեսած զինվորի նման: Ինձ նորից համոզեց, որ «Կիկոն» երգեմ. «Զիմ Կիկոյի ինչն է պակաս, որ չեն գրեր ֆիդայի…»: Շատ էր սիրում էդ երգը: Երգեցի մի կերպ` իմ չունեցած ձայնով: Ասաց` հրաշք է: Ընկերներս ինձ երես էին տալիս, ոնց էլ երգեի, ասում էին` հրաշք է: Այդպես` հրաշքներով հավաքվել էինք, ու կարոտ էր, որ դուրս էր հորդում: Այդ օրվա Վանոյի «Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը» չեմ մոռանում, մեկ էլ Վազգենի «Տարիներս անցան»-ը:

Տարիներն անցնում էին, բայց մեկ է` ինչքան էլ մեծանար Վազգենը, ինչքան էլ պատերազմում կոշտանար հոգին, երեխա էր: Տղաս տասնհինգ տարեկան դարձավ, զանգեց` գալիս եմ, Արայիկին նվեր եմ բերում: Պատշգամբից տեսա, որ ուսին ավտոմատ կա: Մտածեցի` իրենն է երեւի: Եկավ: Պարզվեց` ավտոմատը նվեր է բերել Արայիկին: Տղայիս աչքերը փայլում էին, ես էլ խնդմնդում էի, բայց սիրտս դող էր ընկել, ի՞նչ էինք անելու էդ ավտոմատը… Չուզեցա սիրտը կոտրել, ինքն էնքան գոհ էր իրենից, որ Արայիկին ավտոմատ է նվեր բերել: Մի քանի ամիս թողեցի, որ տղաս ավտոմատը քանդի-հավաքի, քանդի-հավաքի, հետո զանգեցի Վանոյին: Դե, վանոյավարի ջղայնացավ` էլ բան չի՞ գտել նվիրելու, մարդ կուղարկեմ, ավտոմատը կտաս իրեն: Ասացի` Վազգենը չիմանա, կնեղանա: Չիմացավ:

Շատ էի նեղսրտած: Հազարումի բան էին ասում ու գրում բանակի մասին, մեկը` ճիշտ, մյուսը` սխալ: Սխալը` սխալ, բայց ես էլ էի տեսնում, որ ինչ-որ մարդիկ իրենց զավակներին թեւների տակ քաշած` հանուն հայրենիքի նահատակվելու մասին հոգեցունց ճառեր են ասում: Վազգենին տեսա: Կեսկատակ-կեսլուրջ ասաց` Արայիկը ո՞նց է, ե՞րբ է տասնութ դառնալու, տանեմ բանակ: Ասացի` չեմ տա` տանես բանակ: Անսպասելիությունից մի տեսակ կարկամեց, ասաց` բա դու չէի՞ր «Կիկոն» երգում: Ասացի` ե´ս էի երգում, Արայիկը չէր երգում, ինձ տար բանակ: Վազգենին էդպես խեղճացած տեսած չկայի… «Եթե Լիզան էլ է ասում` տղայիս չեմ տա` բանակ տանես, բա ո՞նց է լինելու էս երկրի վիճակը»:

Սպարապետ ընկերս… Երբեք այս բառը չեմ շահարկել, բայց միշտ ապշել եմ այն մարդկանց վրա, ովքեր փորձել են չափազանցություն գնահատել Վազգենին այսկերպ մեծարելը: Նույնիսկ նրանք, ովքեր Վազգենի ստվերում կանգնելու համար դուռը փակեիր` պատուհանով էին մտնում: Այո, Սպարապետ էր: Կարող եք բազմաթիվ սխալներ թափահարել օդում, որ արել է Վազգենը: Այո´, արել է: Ինչ էլ որ արել է` ինքն իր նկատմամբ սիրով չի առաջնորդվել, ինչպես հիմա շատերը. Վազգենը պաշտում էր իր երկիրը: Ինքնամոռաց էր պաշտում: Եւ ո՞վ ասաց, ո՞վ կարող է պնդել, որ մեր պատմության ընթացքում եղած ու անցած սպարապետները սխալներ չեն արել: Վստա՞հ եք, որ իրենց ժամանակակիցները նրանց սրբի պես պաշտել են: Եթե պաշտել են, ինչու՞ է Հայաստանը դարերի ընթացքում պատառ-պատառ եղել ու մի բուռ դարձել:

Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության բանակի Սպարապետն էր, հաղթա´ծ բանակի: Այդ հաղթած բանակի Գերագույն հրամանատարն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Իսկ այս փաստերը խեղաթյուրողներն ընդամենը պատմության կեղծարարներ են:

Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ Վազգեն:

Հ.Գ. Ի դեպ, տղաս ծառայեց Հայոց բանակում, բայց դու չիմացար, եղբայրս: Ուչաստկովիի մակարդակի ռոմանտիկ նարկոմաններն արդեն հոշոտել էին քեզ: Հենց այդ օրն էլ Հայաստանի հոշոտման հիմնաքարը դրվեց: Եւ դեռ հոշոտում են:

Լիզա Ճաղարյան

 

 

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյանի յուրօրինակ աջակցությունը Հենրիխ Մխիթարյանին. Ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘Բելգիայի ֆինանսների նախարարը հրաժարական է ներկայացրել’