Հաիթիի իշխանությունները կիրակի օրը ձերբակալել են Հաիթիում ծնված ԱՄՆ քաղաքացու՝ 63-ամյա Քրիստիան Էմանյուել Սանյոնին, որը, ենթադրվում է, քիլլերներ է վարձել՝ կարիբյան այդ պետության նախագահ Ժովենել Մոիզին սպանելու նպատակով։
Հաիթիի ոստիկանությունը պնդում է, որ հարձակմանը մասնակցել է առնվազն 28 հոգի։ Նրանց մեծ մասը վարձկաններ են Կոլումբիայից, որոնց վարձել են Ֆլորիդա նահանգում գրանցված ֆիրմայի միջոցով։
Ձերբակալությունից հետո հարձակման մասնակիցներից մի քանիսը հաստատել են, որ աշխատանքի համար իրենց օրական 3 հազար դոլար են վճարել։
Սանյոնի տան խուզարկության ժամանակ զենք և զինամթերք է հայտնաբերվել։
Հաիթին երկու Ամերիկաների ամենաաղքատ երկիրն է, որտեղ մոլեգնում են կոռուպցիան, բանդիտիզմը և փողոցային հանցագործությունները։ Այստեղ քաղաքական ցույցերը, ըստ էության, երբեք չեն դադարում։ Հիմա էլ՝ նախագահի սպանությունից հետո, երկրում ժամանակավոր իշխանության է հավակնում միանգամից երեք հոգի, որոնցից յուրաքանչյուրն իրեն է համարում երկրի օրինական առաջնորդը։
Քրեական խոշոր հեղինակություն Ջիմի Չերիզյեն՝ «Բարբեքյու» մականունով, Մոիզի սպանության համար մեղադրել է «հոտած բուրժուազիային» և հայտարարել, թե իր մարդիկ փողոց դուրա կգան և թույլ չեն տա, որ այդ «հոտած բուժուազիան» զավթի իշխանությունը։ Չերիզյեն չի նշել, թե ում է աջակցում ինքը։
Փոխանցում է BBC-ն։