‘
Հալեպի մոտակայքում գտնվող Սարաքեբ քաղաքում 10 հալեպցի տղամարդ է առեւանգվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ առեւանգվածներից 7-ը հայեր են եւ 3-ը` քրիստոնյա արաբներ: Վերջիններս առեւանգվել են ընդդիմադիրների կողմից: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` ընդդիմադիրները կառավարությանը կոչ են արել վերադարձնել իրենց 150 ընկերներին, եւ իրենք ազատ կարձակեն առեւանգվածներին: Տեղի ունեցածի վերաբերյալ դեռեւս մանրամասն տեղեկություններ չկան:
Ռեյիսյանի խոսքով` հոկտեմբերի 29-ին տեղեկություններ են ստացվել, որ այրվել է հայ առաքելական Սուրբ Գեւորգ եկեղեցին: Հրկիզվել է եկեղեցու ետնամասը, քարտուղարության եւ այլ հարակից սենյակներ: Ամբողջովին այրվել են եկեղեցու նստարանները, մոխրացել են սրբապատկերները: Բավական լուրջ վնասներ է կրել եկեղեցուն կից նոր բացված Մեսրոպյան վարժարանը, որը ծխական դպրոց էր, նաեւ մանապարտեզ եւ նախակրթարան ուներ: Քանի որ Նոր գյուղում գտնվող Սուրբ Գեւորգ եկեղեցու շրջակայքում բուռն բախումներ են ծավալվում, այժմ հնարավոր չի լինի վերականգնողական աշխատանքներ ծավալել: Միայն իրավիճակի դրական փոփոխության դեպքում հնարավոր կլինի վերականգնել այն, քանի որ շենքը գոյություն ունի: Ռեյիսյանն ընդգծեց, որ Հալեպի ազգային առաջնորդարանը խստորեն դատապարտում է նման անմարդկային արարքը սրբության նկատմամբ:
Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:
‘