‘«Հակահարված» art խումբ. հաղորդում հանցագործության մասին ‘

998

«Հակահարված» art խմբի մի քանի անդամներ այսօր երեկոյան ոստիկանությունում բացատրություններ են տվել՝ ԵՊՀ մասնաշենքում տեղի ունեցած միջադեպից հետո հանցագործության մասին ոստիկանություն ներկայացրած իրենց հաղոդման կապակցությամբ: Art խմբի անդամների հաղորդումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Նոյեմբերի 22-ին ժամը 13-ի սահմաններում, իրացնելով Սահմանադրությամբ մեզ տրված իրավունքները, խաղաղ, առանց զենքի, ոչ զանգվածային միջոցառում անցկացնելու մտադրությամբ, սպասելով որպեսզի դասաժամը ավարտվի, մուտք ենք գործել Երեւանք քաղաքի Աբովյան փողոցում գտնվող ԵՊՀ Պատմության ֆակուլտետի մասնաշենք եւ բարձրախոսի միջոցով մեր գաղափարները` երիտասարդությանը իրազեկել երկրում տիրող անառողջ մթնոլորտի, երիտասարդ քաղբանտարկյալների առկայության, ապօրինի դատավարությունների եւ այլ անօրինականությունների մասին, տարածելու փորձ ենք կատարել: Մոտավորապես 2-3 րոպե հետո, երբ արդեն աստիճաններով դեպի դուրս էինք շարժվում, մեզ մոտեցավ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը եւ որեւէ բան չասելով, մեզ սկսեց քաշել դեպի մուտքը: Ապա մեր ձեռքից խլեց այն տեքստը, որը ընթերցում էինք եւ սկսեց պահանջել, որ դադարեցնենք մեր գործողությունները: Հաշվի չառնելով այն փաստը, որ մենք արդեն դուրս էինք գալիս շենքի տարածքից, մեզ վրա հարձակվեցին եւս մի քանի անձինք եւ սկսեցին մեզ քաշքշել եւ հարվածել ձեռքերով ու ոտքերով: Համալսարանի անվտանգության աշխատողները բռնել են Արտակ Գեւորգյանին, իսկ վերջինիս ոտքով հարվածներ է հասցրել դեկան Էդիկ Մինասյանը:

Միջադեպի հետ կապված իր հեռախոսից (055-011-218) ոստիկանություն է զանգահարել www.ilur.am լրատվական կայքի լրագրող Սարգիս Գեւորգյանը եւ տեղեկացրել կատարվածի մասին: Ոստիկանության աշխատակիցները ոստիկանության բաժին են հրավիրել «Հակահարված» նախաձեռնության անդամներին, իբր հաղորդում տալու նպատակով, սակայն ոստիկանությունում մեզ զրկել են մեր իրավունքներից եւ ստեղծել են այնպիսի պայմաններ, որպեսզի մենք հրաժարվենք որեւէ գործողություն կատարել այնտեղ: Փոխարեն մեզանից հայտարարություն տալու հնարավորություն ընձեռնվեր կատարվածի մասին, հետաքննիչի կողմից բացատրություններ վերցվեին մեզանից, մեզ սկսեցին վերաբերվել որպես հանցագործների ու անհարգալից վերաբերմունքի արժանացնելով եւ վիրավորանքներ հասցնելով՝ մեզ դրեցին այնպիսի իրավիճակում, որ մենք ստիպված էինք լքել ոստիկանության շենքը:

Խնդրում ենք ընդունել սույն հաղորդումը կատարված հանցագործության մասին, կատարել քննություն մեր նկատմամբ բռնություն գործած անձնաց հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար»:  

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը Twitter-ում սեփական միկրոբլոգը կունենա ‘
Հաջորդ հոդվածը‘Թահրիրում հավաքված ցուցարարները պահանջում են Եգիպտոսի նախագահի հրաժարականը ‘