‘
Վերաքննիչ դատարանում քիչ հետո կսկսվի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով դատավարությունը։
ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը անցած տարի ազատազրկման են դատապարտվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 2011 թվականի օգոստոսին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ արդարության ակնկալիքներ իրենք դեռևս ունեն, հատկապես՝ երբ մոտ երեք ամիս առաջ Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչի որոշումը և գործը ուղարկեց նույն դատարան նոր քննության:
«Ամեն դեպքում, մենք Վճռաբեկ դատարանի որոշումից հետո, երբ Վճռաբեկ դատարանը վերջապես ընդունեց, որ վերաքննիչ ատյանում դատավարական կարգի այնպիսի կոպիտ խախտումներ կամ դատավարական նորմի այնպիսի կոպիտ խախտումներ են եղել, որի պայմաններում հնարավոր չէ ամբաստանյալների անմեղության հարցը պարզել, մենք այս պարագայում հույս ունենք, որ այս ատյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանը, կրկին անգամ այդ կազմով լսելով այս գործը, ի վերջո կկայացնի արդար դատական ակտ և մեր ակտիվիստների վրայից կհանի հանիրավի առաջադրված այս մեղադրանքը», — նշեց Խաչատրյանը:
Այս գործի վերաբերյալ ՀԱԿ-ը պարբերաբար հայտարարել է, որ երիտասարդները ազատազրկվել են միմիայն քաղաքական պատվերի, այլ ոչ թե հանցագործություն կատարելու արդյունքում։ Արմեն Խաչատրյանի համոզմամբ՝ եթե գործը քննվեր իսկապես արդարացի ու օբյեկտիվ, ապա երիտասարդները կարդարացվեին, իսկ մեղադրյալի աթոռին կնստեին ուրիշները։
«Մենք ունենք մեկ պահանջ՝ որպեսզի այնպիսի քննություն անցկացվի՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն անցկացվի, ինչի արդյունքում, մենք վստահ ենք, որ Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդներն էլ կարդարացվեն», — ասաց ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի համակարգողը:
ՀԱԿ-ի չորս ակտիվիստները 2012 թվականի հուլիսի 20-ին դատապարտվել են 2-ից մինչև 6 տարվա ազատազրկման։ Դրանից հետո՝ նույն տարվա նոյեմբերի 13-ին, Վերաքննիչ դատարանը մերժել էր նրանց բողոքները: Երիտասարդները եւ նրանց փաստաբանը այնուհետև դիմել էին Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել վերաքննիչ ատյանի որոշումն ու արդարացման վճիռ կայացնել: Վճռաբեկ դատարանը ակտիվիստների պահանջը բավարարեց մասնակիորեն։
Մինչև այս պահը ակտիվիստների նկատմամբ կիրառվում է նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցը` երեքը ազատության մեջ են՝ չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ի սկզբանե ընտրվել է կալանավորումը:
‘