‘ՀԱԿ երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը’

1641

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Հայաստանում հանցավոր ճանապարհով ձևավորված իշխանությունը շարունակում է իր հակաժողովրդական գործունեությունը, ինչի արդյունքում անպատժելիությունը, կորռուպցիան, պետական ունեցվածքի կողոպուտը նոր թափ են հավաքում:Թալանի հերթական փորձը կատարվեց քաղաքային տրանսպորտի սակագները բարձրացնելով, որը սակայն ժամանակավորապես դադարեցվեց քաղաքացիական ընդվզման հզոր ալիքի պատճառով:  

Սերժ Սարգսյանի վարչախումբը, սակայն չի հրաժարվել ժողովրդի հաշվին հարստություններ դիզելու իր միակ նպատակից և կրկին օրակարգ է բերել տրանսպորտի գների թանկացման հարցը: Ռեժիմը սրանով ապացուցում է, որ իր համար կարևոր չէ հանրային պահանջը, և որոշման հետ կանչելը նպատակ ուներ կասեցնելու օր օրի աճող ժողովրդի բողոքը:

Ողջունում ենք ռեժիմի ապօրինի գործունեության նկատմամբ դիմադրության ցանկացած փորձ և մեր աջակցությունն ենք հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներին` կասեցնելու քաղաքային տրանսպորտի թանկացումը: Կարևորելով քաղաքացիների և քաղաքական ուժերի միասնական օրակարգի ձևավորումը` երկրում պատասխանատվության ինստիտուտի կայացման, անօրինության, անպատժելիության վերացման հարցերում, միանում ենք շարժման անդամների հայտարարությանը, հայտնում ենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը պայքարելու հանուն արդարության վերականգնման:

Կոչ ենք անում նաև բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին միանալու` համատեղ ուժերով հնարավոր դարձնելու ռեժիմի տապալումը և իրավական Հայաստանի ձևավորումը»:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Կադրային հերթական փոփոխությունները դատախազությունում ‘