‘ՀԱԿ-ը մեղադրում է փաստաբանին. Հրապարակ’

1036

Արտակ Կարապետյանը երեկ բողոք է ներկայացրել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին ընդդեմ փաստաբան Վարդուհի Էլբակյանի, որը պաշտպանել է ակտիվիստի շահերը: Գրում է Հրապարակ թերթն ու հիշեցնում, որ Արտակ Կարապետյանն այն ՀԱԿ ակտիվիստների թվում էր, ով 2011թ. օգոստոսին Կարապի լճի մոտ բախում ունեցավ ոստիկանների հետ, իսկ հետագայում Տիգրան Առաքելյանի եւ մյուսների հետ քրեական հետապնդման ենթարկվեց: Նրան մեղադրեցին խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ եւ կալանավորեցին: Հետագայում վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց գրավով՝ 3 մլն դրամի չափով, ապա 2013թ. հոկտեմբերին համաներմամբ ազատեցին պատժից: Սակայն մինչ օրս Արտակ Կարապետյանին չի հաջողվել հետ ստանալ գրավի գումարը, որը նա պարտքով վերցրել էր հարազատներից, եւ որը պետությունը ետ է վերադարձնում դատական գործընթացից հետո: Նա վստահեցնում է, որ գումարը դուրս է գրել իր շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, որը նաեւ ՀՀՇ վարչության անդամ է: «Ես այդ գումարը վերցրել էի հարազատներից,- պատմում է Արտակը:

«Փետրվարի կեսերին, երբ վճիռն արդեն օրինական ուժի մեջ էր մտել, դիմեցի նրան փողը ստանալու համար: Բայց նա մոտ մեկ ամիս ձգձգեց գումարը բանկից ստանալու գործը: Ինձ ասում էր, որ ինչ-որ փաստաթղթեր է պատրաստում, ինչ-որ պրոցես է սկսել, որ ես ստանամ իմ փողը: Հետո  այլ ճանապարհով ճշտեցի, որ գումարը դուրս է գրված բանկից, եւ Վարդուհի Էլբակյանն ավելի քան մեկ ամիս առաջ ստացել է այն»,- թերթին ասել է Կարապետյանը: Արտակ Կարապետյանը փորձել է պարզաբանումներ ստանալ Վարդուհի Էլբակյանից, բայց, ի պատասխան, անհասկանալի պատճառաբանություն է ստացել, թե ՀԱԿ-ն իրեն գումար էր պարտք, եւ այդ փողը նա վերցրել է պարտքի դիմաց: «Քանի որ ես ՀԱԿ համակիր էի, եւ իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կրում էր քաղաքական բնույթ, բնականաբար, առաջին իրավական օգնությունն ինձ ցուցաբերեց ՀԱԿ-ը: ՀԱԿ ղեկավարներն իմ փաստաբանին են տրամադրել 3 մլն ՀՀ դրամ՝ ՀԱԿ իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի միջոցով: Նա Վարդուհի Էլբակյանի հետ եղել է «Հայէկոնոմբանկ»-ում եւ կատարել է վճարումը: Նույն օրը, նրանց օգնությամբ, իմ փաստաբան Վարդուհի Էլբակյանի ձեռքով գումարը վճարվել է դատարանի դեպոզիտ հաշվին»,- պատմում է Կարապետյանը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից նա խնդրում է կարգապահական վարույթ հարուցել Վարդուհի Էլբակյանի դեմ, բայց մինչեւ նրան դիմելը փորձել է պրոբլեմը հարթել ընդհանուր ընկերների միջոցով: Վարդուհի Էլբակյանն էլ թերթին ասել է, թե ՀԱԿ-ն է 3 մլն դրամը որպես գրավ վճարել, այլ ինքը, իր անձնական գումարներից: «Դա ես վճարել եմ որպես Արտակ Կարապետյանի պաշտպան, վճարել եմ բանկում, իմ անձնագրով, անդորրագիրն էլ ինձ մոտ է: Ես էլ դատարանից ստացել եմ գումարը»,- ասել է նա:

ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն էլ թերթին ասել է. «ՀԱԿ-ն այդ գումարը վճարել է Արտակ Կարապետյանի խափանման միջոցը փոխելու համար, հետո Արտակն այն վերադարձրել է մեզ: Վարդուհի Էլբակյանը ստում է, ինչը վայել չի փաստաբանին»: 

Նախորդ հոդվածը‘Երևանում կբացվի գեղասահքի դպրոց’
Հաջորդ հոդվածը‘Պայմանագրային զինծառայող է զոհվել’