‘ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովը կվերլուծի պետական միջոցների յուրացումը ‘

1011

Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովը մշակում է Հայաստանում պետական միջոցների փոշիացման վերաբերյալ մի վերլուծություն, որը հստակ պատկեր կտա, թե որքան գումար է գողացվում Հայաստանում պետական պաշտոնյաների կողմից:  Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝  Վերահսկիչ պալատի զեկույցներում նշվող չարաշահումները վերաբերում են այն գումարներին, որոնք մտել են բյուջե, հետո ծախսվել են ինչ-որ այլ նպատակների համար:

«Բայց արդյո՞ք սրանք գողացվող միակ գումարներներ են: Ո՛չ, դրանք նաեւ այն գումարներն են, որոնք չեն մտնում բյուջե հարկերի եւ մաքսերի տեսքով», — նշեց Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է շուրջ 20 տոկոս: Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի մշակած նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի նման օրենսդրություն ունեցող երկրներում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է շուրջ 40 տոկոս:

«Դա նշանակում է, որ հարկերի 20 տոկոսը առնվազն գողացվում է մինչեւ բյուջե մտնելը, եւ սա ՎՊ-ն չի ուսումնասիրում: Այսինքն, խոսքը  մոտ 2.5 մլրդ դոլար գումարի մասին է: Դրան գումարենք ՎՊ-ի կողմից բարձրաձայնվող մոտ կես մլրդ դոլարը, ստացվում է, որ տարեկան 3 մլրդ դոլար դրվում է ավազակապետերի գրպանները», — ասաց Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ դա այն գումարն է, որը եթե դրվեր Հայաստանի զարգացման մեջ, մենք այսօր ստեղծած կլինեինք այլընտրանքային  էներգետիկ համակարգ, որը թույլ կտար մեզ այլեւս կախված չլինել ռուսական գազից:

Նա տեղեկացրեց, որ Վահագն Խաչատրյանի ղեկավարած տնտեսական վերլուծությունների հանձնաժողովը հետազոտությունը կավարտի մինչեւ սեպտեմբեր եւ կներկայացնի այն հանրության դատին: 

Նախորդ հոդվածը‘Կրկեսը քանդել են, Սամվել Կարապետյանի 107 մլն-ն էլ՝ փոշիացրել’
Հաջորդ հոդվածը‘«Ո՛չ «Հանցաքարի» հարսանիքներին». Պիկետ «Հարսնաքարի» մոտ’