‘
Հարավաֆրիկյան Հանարպետությունում արձանագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից անչափահասի հավաքագրման երկրորդ դեպքը: «Նորակոչիկը» անչափահաս աղջիկ է, որին ինքնաթիռից իջեցրել են Իրաք և Սիրիա հասնելու մտադրությամբ Քեյփթաունից Սաուդյան Արաբիա մեկնելու պահին:
Հավաքագրումը կատարվում է սոցիալական ցանցերի միջոցով: ՀԱՀ պետանվտանգության նախարարը հայտարարել է, որ իր գերատեսչությունը ուշադիր հետևում է կիբեռտարածքում ԻՊ-ի գործունեությանը: «Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչպես են նրանց հավաքագրում, կազմակերպում նրանց ելքը երկրից և վճարում ուղևորության ծախսերը»,- ասել է նախարարը: Վերջինիս կարծիքով՝ ԻՊ-ն նպատակաուղղված կերպով աշխատում է ՀԱՀ-ում որոշակի համայնքների հետ: Նա չի նշել, թե արդյո՞ք աղջիկը մուսուլմանուհի է:
Մարտի 24-ին հաղորդվել էր, որ 400-ի չափ երեխաներ պատրաստություն են անցնում Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» մարզաճամբարներում: Ինչպես հաղորդել է «Սուրիա մուբաշիր» տեղեկատվական կայքը, 18 տարեկանը չլրացրած պատանիները համալրում են երեք ամիս առաջ ստեղծված «Խալիֆաթի կորյուններ» կազմավորումը:
Ավելի վաղ անչափահասները Քոբանի քաղաքի պաշարման ժամանակ արդեն մասնակցել են քուրդ աշխարհազորայինների դեմ մարտերին, նրանցից առնվազն 30-ը զոհվել են:
ՅՈՒՆԻՍԵՖ-ում երեխաների պաշտպանության ծառայության ղեկավար Անտոնի Մաքդոնալդի վկայությամբ՝ արմատականներն առայժմ անչափահասներին հազվադեպ են օգտագործում որպես մահապարտներ: Վերջին ժամանակները միայն մի դեպք է գրանցվել Հալեպում, երբ նրանցից երկուսը մասնակցել են ահաբեկչական գործողությանը: Սակայն մի քանի անգամ 8-13 տարեկան անչափահասները արյունալի հաշվեհարդար են իրականացրել գերիների նկատմամբ, ինչը արձանագրվել է ԻՊ-ի տարածած տեսագրություններում: Փոխանցում է ТАСС-ը:
‘