‘
Ես վախենում եմ ամեն անգամ, երբ սահմանին մի միջադեպ է լինում, ու բանակում անգամ չծառայած, իսկ ավելի կոնկրետ՝ ծառայությունից խուսափած ջահելները, հատկապես նրանք, ովքեր քաղաքական «գործիչներ» ու ռազմափորձագետներ են, սպառնում են Ադրբեջանին ու հայտարարում են, թե գրավելու են Բաքուն: Ես վախենում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են դրանք փորձում սահմանին կանգնած լուսավոր տղերքի կյանքի գնով՝ հերոս-հերոս խաղալ: Որովհետեւ իրենք Բաքու գրավող չեն, որովհետեւ իրենք վերջին անգամ զենք բռնել են լուսանկարվելիս, որովհետեւ իրենք վառոդի հոտ չեն զգացել, բայց սպառնում են: Վանոյի ասած (ականջը կանչի՝ էսօր իր ծննդյան օրն է, ի դեպ)՝ «կամուֆլյաժե բիկինիով» այդ պատանյակներն այսօր մեր անվտանգության հաշվին ինքնափիառ են անում, ու ես վախենում եմ:
Ես վախենում եմ, երբ վառոդի հոտը ժամանակին զգացած, բայց հետո անդառանալիորեն հղփացած ու փչացած գեներալները կանխատեսում են, թե որտեղ տեղի կունենան հաջորդ մարտական գործողությունները, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: Եւ կանխատեսում են՝ Բաքվի մերձակայքում: Ես վախենում եմ, որովհետեւ երեւակայությունս չի բավարարում՝ պատկերացնելու համար, թե ինչպես է այդ նույն գեներալը, իր նույնքան հղփացած թիկնազորով ու Համերների շարասյունով, փորձելու դեպի Բաքու իր հետեւից տանել մեր լուսավոր տղերքին:
Ես վախենում եմ ամեն անգամ, երբ հիշում եմ, որ հաղթանակած մարտիկներին միավորող կառույցներից մեկի ղեկավար կազմի մեծ մասն այսօր դասալիքներից է կազմված, որոնք իշխանության մեջ լինելով՝ առնետի պես կերել են զինվորի օրապահիկն ու իրենց փորերը հաստացրել նրանց ընտանիքներից թալանված վերջին գրոշներով անգամ:
Ես վախենում եմ ամեն անգամ, երբ հիշում եմ, թե որտեղ են այսօր իրական կռված տղերքը, ինչ վիճակում են նրանք, եւ ովքեր են վայելում նրանց դափնիները, ովքեր են, որ փայ են մտնում նրանց եւ մեր հաղթանակին: Ես վախենում եմ, որովհետեւ հացի խնդիր լուծող ազատամարտիկի զավակի աչքերին չեմ կարող նայել ու բացատրել, թե ինչու պիտի իր հայրը այսօր ճկռի սոցիալական բեռի տակ, իսկ մյուսները չկարողանան տեղավորվել սեփական ավտոմեքենայի մեջ, որովհետեւ փորները դռնից չեն անցնում:
Ես վախենում եմ ամեն նման միջադեպի ժամանակ, երբ հիշում եմ, որ գերագույն գլխավոր հրամանատարի աթոռին բազմել է գաղջությունն ու թարս բուսնած խիյարը, այն նույն գաղջը, որը լուսավոր զինվորներին մարտի 1-ին հանեց ժողովրդի դեմ, զավակին կանգնեցրեց հոր դեմ, ինչ է թե՝ իրեն աթոռ էր պետք: Ես վախենում եմ, թե առանց թղթի՝ նա ինչպես պիտի «դուխ տա» մեր տղերքին:
Եւ վերջապես, ես վախենում եմ, որովհետեւ հաղթանակի մեջ փայ են մտել շուստրիները, գողերը, դասալիքներն ու տականքները: Որովհետեւ իրավացի են նրանք, ովքեր ասում են, որ հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը որբ է, բայցեւայնպես, վախենում եմ, որովհետեւ մեր հաղթանակի մեջ ոչ միայն փայ են մտել, այլեւ արդեն տոկոս են պահում: Վախենում եմ, որովհետեւ նրանք, ովքեր իրապես պիտի խոսեն, լուռ են:
Քրիստինե Խանումյան
‘