‘
Երբ 2008-ին սկսվեց համաժողովրդական շարժումը, մարդիկ լցվել էին ոգեւորությամբ, էներգիայով, բոլորը մեկ մարդու պես կանգնել էին Ազատության հրապարակում եւ պատրաստ էին հեղափոխության, որն այնքան մոտ էր թվում:
Քաղաքացին ոտքի էր կանգնել՝ հանուն իր հայրենիքի, հանուն ա՛յն հաղթանակած երկրի, որը դիմակայել էր երկրաշարժը, ԽՍՀՄ փլուզումը եւ պատերազմը, բայց ոչ լեգիտիմ իշխանությունների «շնորհիվ» ստիպված էր լքել իր տունը: Այդ ոգեւորությամբ էլ հենց տասնյակ հազարավոր քաղաքացիներ օրեր շարունակ ապրում էին Ազատության հրապարակում՝ իրենց երկրորդ տանը, քաղաքականապես ու տնտեսապես բզկտված հայրենիքը ազատելու հույսով, եւ հավատով, որ կստեղծեն այնպիսի պետություն, որտեղից իրենք այլեւս չեն արտագաղթի: Ազատության հրապարակը, որ 88-ին էլ ժողովրդի հավաքական պայքարի խորհրդանիշն էր, նորից ստանձնել էր խորհրդանիշի իր դերը, եւ դա նաեւ իշխանություններն էին հասկանում, որոնք չխորշելով ոչնչից, անգամ սեփական քաղաքացիներին գնդակահարելուց եւ ապա հրապարակը, ըստ էության, «կողպեքի տակ առնելուց», բառացիորեն փորձ կատարեցին խլել հրապարակը, վերացնել խորհրդանիշը՝ ստիպելով մարդկանց ժամանակավոր լքել այն:
Բայց իշխանությունների երազանքները սին էին, եւ նրանց հույսերն ի դերեւ եղան, քանի որ քաղաքացիները գնացին տուն՝ պատրաստ լինելով յուրաքանչյուր պահի նույն ոգեւորությամբ նորից դուրս գալ փողոց, նորից գալ Ազատության հրապարակ եւ կռիվ տալ՝ հանուն իրենց գաղափարների:
2008-ից ավելի քան վեց տարի է անցել, սակայն այսօր էլ նույն քաղաքացին նույն ոգեւորությամբ կրկին Ազատության հրապարակում է եւ պատրաստ է ավարտին հասցնել երկրում սահմանադրական կարգը վերականգնելու՝ դեռևս կիսատ մնացած գործը:
Անշուշտ, այս տարիների ընթացքում բոլորիս հետ էլ թեկուզ եւ մեկ անգամ պատահել է հուսահատությանը դեմ հանդիման դուրս գալու ծանր պահը, յուրաքանչյուրս էլ, գեթ մի պահ, հիասթափություն ենք ապրել, եւ մեզ թվացել է, թե անզոր ենք շարունակել պայքարը: Սակայն առաջին իսկ ակտիվության դեպքում բոլորս, կամ՝ մեր գերակշիռ մասը, կրկին վերադարձել ենք Ազատության հրապարակ եւ նույն ոգով պատրաստ եղել առաջ շարժվել:
Ի վերջո, ի՞նչ է հիասթափությունը: Պայքարի ճանապարհի կեսից ետ կանգնած եւ հանձնված մարդու հոգեվիճակ: Ի՞նչ կլիներ, եթե կյանքում ամեն մի անհաջողությունից հետո մարդը հրաժարվեր իր նպատակներից, հրաժարվեր այն ամենից, ինչին ժամանակին հավատում էր եւ վստահում, հանուն որի պատրաստ էր անձնազոհ լինել: Ինչպիսի՞ն կլիներ այդ մարդու կյանքը, թերեւս սեփական հուսահատությունն արդարացնելու համար՝ նա դիմացինին՝ դեռ հավատացողին ու պայքարողին քննադատելուց բացի՝ ուրիշ ոչնչով չէր զբաղվի:
Մինչդեռ գիտենք՝ հաղթանակին հասնելու ամենակարեւոր գրավականը ճանապարհի կեսից հետ չդառնալն ու չհիասթափվելն է, մեկ աստիճան իջնելուց հետո երկու աստիճան վերեւ բարձրանալ կարողանալը, քայլ առ քայլ, առանց շտապելու երկար երազած հաղթանակին հասնելու հաստատակամությունը: Եւ հաղթում է նա, ով իր ամեն մի սխալից հետո դառնում է ավելի իմաստուն ու փորձառու, ամեն պարտությունից հետո ավելի շատ է ցանկանում հաղթել:
Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հավաքված էին այն քաղաքացիները, որոնք այսքան տարի սառն ուղեղով, առանց ընկճվելու, համբերատար հաղթահարել են ոչ միայն դրսի խոչընդոտները, այլեւ՝ իրենց իսկ ներսում երբեմն ըմբոստացած հուսահատությունը կամ կասկածը, վերլուծել են, գնահատականներ տվել, հետո սթափ ուղեղով շարունակել պայքարել:
Նրանք, առաջին հերթին, հենց իրենց ներսում են գրանցել բաղձալի հաղթանակը, նրանք հաղթել են իրենք իրենց, որովհետեւ երբ վերջնական նպատակի իրագործմանը հասնող ճանապարհները փակվել են, նրանք փնտրել են այլ ուղիներ, չեն դադարել բախել փակ դռները, նույնիսկ եթե դրանք չեն բացվել, այնտեղ, որտեղ չկար ճանապարհ՝ ոտքով արահետներ են բացել, ու ամենակարեւորը՝ չե՛ն վհատվել, չե՛ն վհատվել ու չե՛ն վհատվել:
Պայքար, պայքար մինչեւ վերջ. պայքարի վերջը արդեն շատ մոտ է:
Հ.Գ. Ես անսահման ուրախ եմ, որ այն մարդկանցից մեկն եմ, որը վաղուց հաղթել է ինքն իրեն, իր զգացմունքները, սովորել ամենաէմոցիոնալ իրավիճակում սառը դատել, այլ ոչ թե առաջին իսկ անհաջողության դեպքում հիասթափվել եւ իր իսկ մեղքը բարդել իր նախկին թիմակիցների վրա: Եւ ի վերջո, մենք հո արդեն գիտենք, որ «հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը, այլ ոչ թե հախուռնը եւ խելագարը»:
Մարիամ Մուրադյան
‘