Հաղորդագրություն քաղաքացի Թերեզա Ասատրյանի ֆեյսբուքյան գրառման մասին. «Արմենիա» ԲԿ

1003

Քաղաքացի Թերեզա Ասատրյանը փետրվարի 7-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արել է գրառում, որի կապակցությամբ «Արմենիա» ԲԿ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել հետևյալը.

Փետրվարի 4-ին, ժամը 19:45-ին, «Արմենիա» բժշկական կենտրոն է դիմել քաղաքացի Օ.Մ-ն՝ հայտնելով, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և, գանգատվելով ինքնազգացողության վատացումից, թուլությունից՝ անամնեզում նշելով, որ ունի երիկամների խնդիր:

Կատարված հետազոտությունների արդյունքում բուժառուին ցուցվել է ստացիոնար բուժում: Քանի որ 44-օրյա պատերազմի մասնակիցների բուժումը ներառված չէ ՀՀ Կառավարության կողմից հաստատված պետպատվերի ցանկում, և՛ բուժառուն, և՛ նրա մայրը տեղեկացվել են այդ մասին: Բուժառուն, պատճառ բերելով իր վախը հիվանդանոցներից և բժշկական միջամտություններից, լքել է «Արմենիա» ԲԿ-ն, իսկ մայրն ընդունարանի ամբուլատոր քարտում գրել է հրաժարական: «Արմենիա» ԲԿ բժիշկները հորդորել են բուժառուի մորը՝ վերադարձնել բուժառուին, քանի որ վերջինս ունի բուժման կարիք: Որոշ ժամանակ անց Օ.Մ.-ն վերադարձել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ արդեն այլ անձանց, այդ թվում՝ Թերեզա Ասատրյանի ուղեկցությամբ: Բուժառու Օ.Մ.-ն, կրկին պատճառաբանելով, որ վախենում է բժշկական միջամտություններից, միշտ խուսափել է հիվանդանոցներից, երկրորդ անգամ է հրաժարվել բուժօգնությունից: Արդյունքում բուժառուի զարմիկը գրել է երկրորդ հրաժարականը: Հարկ ենք համարում նշել, որ և՛ առաջին, և՛ երկրորդ հրաժարականներում, որպես պատճառ, ֆինանսական խնդիրները չեն նշվել:

Երկու օր անց՝ փետրվարի 6-ին քաղաքացի Օ.Մ.-ն կրկին դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրան ուղեկցել են մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ, ովքեր ներկայացել են որպես ընկերներ: Նրանցից մի քանիսը եղել են ալկոհոլի ազդեցության տակ և իրենց վարքով ու հայտարարություններով խաթարել են ընդունարանի աշխատանքի բնականոն ռիթմը: Չնայած այս ամենին՝ «Արմենիա» ԲԿ-ի բժիշկները բարեխղճորեն կատարել են իրենց մասնագիտական պարտականությունները: Արդյունքում բուժառու Օ.Մ.-ին կրկին ցուցվել է ստացիոնար բուժում՝ կապված խրոնիկ երիկամային անբավարարության հետ: Համապատասխան վճարումները կատարելուց հետո բուժառուն տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ երիկամային բաժանմունք, որտեղև մինչ օրս ստանում է անհրաժեշտ բուժում:

Ինչ վերաբերում է Թերեզա Ասատրյանին, ապա «Արմենիա» ԲԿ աշխատակիցների հետ շփվելիս վերջինս անհիմն կերպով պնդել է, որ բուժառու Օ.Մ.-ն հանդիսանում է պետպատվերի շահառու և մեղադրել բուժհաստատությանը քաղաքացուց ապօրինի վճարում կորզելու փորձի մեջ, ինչն ակնհայտ կեղծիք է: Նույնպիս սուտ և կեղծիք է Թերեզա Ասատրյանի հետևյալ պնդումը, թե իբր հիվանդանոցի ներկայացուցիչները բուժառուին և նրա մորը «բացատրել են», որ. «Բուժօգնություն չեն կարող ցուցաբերել, մինչև չվճարեք 1 օրվա համար 90. 000 դրամ, իսկ 10 օրվա համար 280. 000, էլ չխոսենք թանկարժեք դեղերի մասին, որի համար առանձին պիտի վճարեք»: «Արմենիա» բժշկական կենտրոնի գնացուցակը բաց և հասանելի է ցանկացած քաղաքացու և պատկան մարմնի համար, ինչը զգալիորեն հեշտացնում է այս մոգոնված թվերով համեմված ստի բացահայտումը:

«Արմենիա» բժշկական կենտրոնը հարկ է համարում հայտարարել, որ հետայսու անպատասխան չի թողնի նման սուտ և կեղծիք պարունակող հայտարարությունները և կնախաձեռնի իրավական գործընթաց՝ ստի հեղինակներին պատասխանատվության կանչելու նպատակով:

Նախորդ հոդվածըՍուրեն Սարգսյան. Այս այցը ռազմավարական գործընկերոջ վայել չէր
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Իրանի դեսպանի հետ