‘Հաղորդավարին ազատել են «Շանթ» հ/ը-ից՝ «Ֆեյսբուքյան» քննադատության համար’

1336

Լրագրող Արմեն Դուլյանին «Շանթ» հեռուստաընկերությունում աշխատանքից ազատել են ֆեյսբուքյան գրառման պատճառով: Ըստ NEWS.am-ի՝ երեկ՝ հունիսի 10-ին, հեռուստատեսության ղեկավարությունը  Արմեն Դուլյանին տեղեկացրել է, որ նա այլեւս աշխատանքի չգա, քանի որ նրան աշխատանքից ազատելու որոշում է  կայացվել:

Գրառումը, որի պատճառով աշխատանքից ազատել են Դուլյանին, նվիրված է եղել այն փաստին, որ Ռուսաստանում Հանրային հեռուստատեսությամբ թույլ չեն տվել  հումորի ժանրում անդրադառնալ Պուտինի ապահարզանի թեմային:

«Բայց ինչ նման ենք…Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է… Ինչպե՞ս կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է… Բայց ինչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով», — գրել է Դուլյանը «Ֆեյսբուքում»:

«Չգիտես ինչու՝ հեռուստատեսության ղեկավարությունը, ինչն ինձ համար շշմեցուցիչ էր, դա իր վրա էր վերցրել, որը տարօրինակ էր: Մինչեւ հիմա շոկի մեջ եմ: Ինչպե՞ս կարող է հեռուստատեսության ղեկավարությունը կարծել, որ ես, որպես աշխատող, փող ստացող մի ընկերությունից՝ կարող եմ նման վիրավորական բան ասել հեռուստատեսության ղեկավարության մասին: Խոսքը նրա մասին էր, որ իշխանական մարմինները վերահսկում են բոլոր հեռուստատեսությունները ինչպես մեզ, այնպես էլ նրանց մոտ»,- News.am-ին ասել է Դուլյանը:

Անդրադառնալով իր հետագա գործունեությանը՝ լրագրողն ասել է, որ պատրաստվում է զբաղեցնել «ամենաերիտասարդ թոշակառուի պաշտոնը: «Ուրիշ որեւէ բան չունեմ: Ես գիտեմ, որ ՀՀԿ-ականները 3 խնդիր են դրել՝ վերացնել գործազրկությունը, արտագաղթը եւ աղքատությունը: Հիմա ես գտնվում եմ կառավարության ուշադրության կենտրոնում՝ որպես գործազուրկ», — ասել է լրագրողը:

«Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Աղաս Հունանյանը տեղեկացրել է, որ Դուլյանն աշխատանքից ազատվել է «հեռուստաընկերության հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով»:

Նախորդ հոդվածը‘Դանիա-Հայաստան. Հանդիպումների պատմությունից. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ֆաշիզմից ավելի վտանգավոր’