‘Համաժողով Փարիզում՝ նվիրված հայոց ցեղասպանությանը’

2723

Ապրիլի 9-ին Փարիզի համալսարանական «քաղաք»- ում (Cité Universitaire de Paris) անցկացվեց համաժողով՝ նվիրված հայոց ցեղասպանությանը: Համաժողովը վարում էր Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանի ժամանակակից արվեստի մագիստրոս Ծովինար Բանուչյանը, ով այժմ շարունակում է ուսումը Փարիզում՝ արվեստի և գրականության ոլորտում: Արգենտինացի ուսանողների առաջարկով Հայկական տան ուսանողները պատրաստեցին եռակողմ ատենախոսություն և ներկայացրին մեկ ու կես ժամ տևողությամբ համաժողովի ժամանակ:

Սարգիս Սարգիսյանը լիբանանահայ է, մասնագիտությամբ պատմաբան, ով ուսանել է եվրոպական տարբեր երկներում և այժմ պատրաստում է իր թեկնածուական թեզը Փարիզի բարձրագույն գիտահետազոտական դպրոց-ինստիտուտում՝ պատմաբանասիրական բաժնում (Ecole Pratique des Hautes etudes): Վերջինս ներկայացրեց Հայոց ցեղասպանության հակիրճ պատմությունը և հատկապես անդրադարձ կատարեց Մեծ եղեռնի պատճառներին: Իր ատենախոսության երկրորդ հատվածում Սարգիս Սարգիսյանը վերլուծեց օտար պետությունների անտարբեր քաղաքականությունը՝ սկսած Սան Ստեֆանոյի վեհաժողովից մինչև Մեծ եղեռնը, մասնավորապես՝ լուսաբանեց սուլթանների պանիսլամական քաղաքականությունը և երիտթուրքերի ցեղակրոն պանթուրքական ծրագիրը:

Վանիկ Մարկոսյանը, ով արգենտինահայ է և բնակվում է Փարիզի ուսանողական հանրակացարանային «քաղաք» — ի Արգենտինայի տանը, պատմեց իր ընտանիքի պատմությունը. թե ինչպես են մազապուրծ ճողոպրել ցեղասպանությունից, անցել անապատի, գաղթի արհավիրքի միջով և, իջևանելով Ֆրանսիական նավահանգստային Մարսել քաղաքում, ինչպես են այնուհետեւ հասել Արգենտինա:

Վանիկի վկայությունը հուզեց ներկաներին, հատկապես՝ արգենտինացի աշակերտներին, ովքեր, ապրելով Վանիկի դրացիությամբ, պատկերացում անգամ չունեին նրա նախնիների պատմության մասին:

Երրորդ ատենախոսությունը ներկացրեց Դեբորա Բաբիչենկոն Արգենտինայից, մասնագիտությամբ հոգեվերլուծաբան, ով ապրում է նույն հանրակացարանային «քաղաք» — ի Հայկական տանը և հասցրել է բազմաթիվ հայ ընկերներ ձեռք բերել, ընտելանալ հայկական սովորույթներին, ուսումնասիրել հայկական մշակույթը և նույնիսկ լեզուն: Նրա խոսքով՝ հատկապես տպավորվել է «ցավդ տանեմ» արտահայտությունից, որն, իր կարծիքով՝ մարդկային կարեկցության, մարդկային արժեքների խտացում է, նույնիսկ՝ եթե իր հայ ընկերները չեն մտածել այդ մասին: Նա պատմեց իր փորձառության մասին, թե ճանաչելով իր հայ ընկերներին՝ ինչպես է մոտեցել նաև Ցեղասպանության պատմությանը, և իր խոսքի վերջում խնդրեց չլինել անտարբեր այլ մշակույթների, այլ ժողովուրդների պատմության ողբերգական էջերի նկատմամբ:

Պետք է նշել, որ համաժողովի ավարտին ներկաները կարողացան հարցեր ուղղել ատենախոսներին:Հանդիպեցին նաև ազգությամբ թուրքեր, ովքեր առիթը բաց չթողեցին ժխտողական ելույթ ունենալու, սակայն ազգությամբ թուրք մի ուսանող հակադարձեց և չխուսափեց արտասանել ցեղասպանություն տերմինը:

Հայկական տունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում Արգենտինայի տան տնօրենին՝ Մարսելո Բալսելսին և ուսանողներին՝ այս հանդիպման համար, որը հնարավորություն տվեց հատկապես երիտասարդությանը ևս մեկ քայլ անել Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու համար:

Ծով Բանուչյան, Փարիզ

Նախորդ հոդվածը‘Հայաստանը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. սպասվում են անձրևներ և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Քամու հետևանքով Երևանում ծառեր են շրջվել’