‘Համակարգչային վիրուսի տարածման մեջ ԱՄՆ-ում մեղադրվող ռուսաստանցին ընդունել է մեղքը’

640

Ռուսաստանի քաղաքացի Նիկիտա Կուզմինը, որին ամերիկյան իշխանությունները աշխարհում ավելի քան մեկ միլիոն համակարգիչներ վարակած վիրուսի ստեղծման և տարածման մեղադրանք են առաջադրել, ձերբակալվել էր 2010 թ. նոյեմբերին Կալիֆորնիա կատարած այցի ժամանակ: Նա ընդունել է մեղքը և գործարք կնքել հետաքննության հետ: Այդ մասին, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, մամլո ասուլիսում հայտարարել են Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազության և ԱԴԾ-ի աշխատակիցները: Գործով անցնում են երեք հոգի՝ 25-ամյա մոսկվացի Նիկիտա Կուզմինը և Լատվիայի ու Ռումինիայի մեկական քաղաքացիներ:Ամերիկյան իշխանությունների պնդմամբ՝ ամբաստանյալներն իրենց մշակած համակարգչային վիրուսի օգնությամբ ապօրինի մուտք են գործել բանկային տեղեկատվական ցանց և փող գողացել ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվեհամարներից, ինչպես նաև՝ կառավարական հաստատություններից: Հետաքննության տվյալներով՝ նրանց գործողությունների հասցրած վնասը կազմում է առնվազն 50 միլիոն դոլար: Վարակված համակարգիչներից ավելի քան 40 հազարը ԱՄՆ-ի տարածքում են եղել, այդ թվում՝ ամերիկյան NASA տիեզերական գերատեսչության 160 համակարգիչներ: Համակարգչային անվտանգության ամերիկացի մասնագետները նոր վիրուսի ի հայտ գալն արձանագրել են 2007 թ. և նրան տվել «Գոզի» անունը: Այդ ընթացքում այն արդեն զգալի տարածում էր գտել Եվրոպայում, այդ թվում՝ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Իտալիայում:

Ներկայացված մեղադրանքի համաձայն՝ Կուզմինին սպառնում է 95 տարվա ազատազրկում, իսկ նրա գործընկերներին՝ 60-65 տարվա: Սակայն քանի որ Կուզմինն ակտիվորեն համագործակցում է հետաքննության հետ, նրա կալանքի ժամկետը կարող է էականորեն կրճատվել:

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը բաց է:’
Հաջորդ հոդվածը‘Համաշխարհային տնտեսական համաժողովը կանցկացվի Բաքվում’