‘«Համակովկասյան այբուբենի նախագիծ». Նոր գիրք, նոր հորիզոններ’

2258

Մարտի 22-ին, ուրբաթ, ժամը 18.30-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքում (Բաղրամյան պող. 40) տեղի կունենա Վազգեն Ղազարյանի «Համակովկասյան այբուբենի նախագիծ» գրքի շնորհանդեսը, որի ընթացքում հեղինակն առաջին անգամ լայն հանրությանը կներկայացնի Հյուսիսային Կովկասի 37 լեզուների համար իր կողմից ստեղծված և մշակված նոր, ընդհանրական այբբենական համակարգը և դրա կառուցման բոլոր նրբություններն ու առանձնահատկությունները։

Ընդհանրապես, կովկասյան տարածաշրջանը լեզուների խտությամբ և բազմազանությամբ աշխարհում գրավում է առաջնային դիրքերից մեկը։ Այս համեմատաբար սահմանափակ տարածքում կողք-կողքի կենտրոնացած են հիսունից ավելի մեծ ու փոքր ազգեր և էթնիկ խմբեր, ներկայացված են հինգ խոշոր լեզվաընտանիքներ, որոնցից երեքը պատմականորեն պարփակված են միայն Կովկասում և դրանից դուրս որևէ տեղ չեն հանդիպում։ Այս լեզվաընտանիքներից երկուսի ապագան այժմ լրջորեն վտանգված է, քանի որ դրանք կազմող լեզուների մրցունակությունը ռուսերենի գերիշխող միջավայրում լուրջ խոչընդոտների առջև է կանգնած՝ ի թիվս այլ խնդիրների՝ պայմանավորված նաև այս լեզուների համար գրային լիարժեք համակարգերի բացակայությամբ։

Հյուսիսկովկասյան լեզուներն աչքի են ընկնում հնչյունային բացառիկ հարստությամբ։ Դրանցից որոշները՝ աբխազերենը, ադըղերենը (չերքեզերեն), աբազերենը, թաբասարաներենը, արշերենը, աղուլերենը, լեզգերենը, ավարերենը և շատ ուրիշներ պարունակում են 60-80 և ավելի բաղաձայն և համարվում են հնչյունային տեսանկյունից ամենաբազմազանը աշխարհում։

Այս լեզուներից շատերը, չունենալով պատմական այբուբեններ և դարավոր գրային ավանդույթ, 20-րդ դարի կեսերից գրության համար կիրառում են ռուսական այբուբենի «հարմարեցված» տարբերակներ, որոնք, սակայն, չեն համապատասխանում այդ լեզուների հնչական պահանջներին։ Լինելով թերի հնչյունային՝ այսինքն՝ միջինում 60-70 բաղաձայնի գրառության համար գործածելով ընդամենը 22 տառ և դրանց անտրամաբանական համակցություններ (մեկ հնչյունն արտահայտելու համար ընդհուպ մինչև 5 տառի հասնող տառակցումներ), նմանօրինակ գիրը գործնական և գեղագիտական լրջագույն անհարմարություններ է ստեղծում դրանք կիրառող ժողովուրդների համար՝ պատճառ հանդիսանալով ռուսալեզու տիրապետող միջավայրում այս լեզուների աստիճանական գավառայնացման, արտամղման և մոռացման։

Ներկայացվող նախագծում քննելով հյուսիսկովկասյան 2 բնիկ լեզվաընտանիքների (աբխազ-ադըղական և նախ-դաղստանյան) 37 հայտնի լեզուների հնչյունաբանությունը՝ գրքի հեղինակը վեր է հանում վերոնշյալ բոլոր խնդիրները և, որպես մեծապես վտանգված այս լեզուների գոյատևման և զարգացման անհրաժեշտ պայման, շեշտում դրանց համար սեփական, անկախ և հնչյունայնորեն լիարժեք գրային համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը:

Ի մի բերելով հյուսիսկովկասյան լեզուների հնչյունաբանական բոլոր առկա հետազոտությունները՝ հեղինակն արևմտա- և արևելակովկասյան բոլոր 37 մեծ ու փոքր լեզուների համար, որոնցից շատերը մինչև այժմ անգամ չունեն գրական տարբերակներ, առաջարկում է տառ-հնչյուն փոխմիարժեքությամբ օժտված միանգամայն նոր, պարզ, համահավաք և ընդհանրական այբբենական համակարգ՝ հիմնված Հարավային Կովկասի և Հայկական Լեռնաշխարհի երեք պատմական՝ հայոց, վրաց և աղվանից այբուբեններում առկա տառաձևերի, կառուցվածքային տարրերի և նշանակերտման սկզբունքների ձևաբանական կիրառության վրա:

Նշենք, որ գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ և «Ներդաշնակ աշխարհ» ֆոնդի ֆինանսական աջակցությամբ։

Բոլոր հետաքրքրվողներին սիրով հրավիրում ենք գրքի շնորհանդեսին։ Հասցեն՝ Բաղրամյան պող. 40, ՀԱՀ, Փարամազ Ավետիսյան մասնաշենք, Ալեք Մանուկյան սրահ (3-րդ հարկ)։

Մուտքն ազատ է։

\"\"

Նախորդ հոդվածը‘Ըստ «Նույնականացման քարտերի մասին օրենքի»՝ քարտը հավասարազոր է անձնագրին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ պատվիրակությունը’