‘Համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ օդանավակայանի գործարկման հարցը’

687

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Յան Քելլին (ԱՄՆ) այսօր Փարիզում հանդիպում են ունեցել Ադրբեջաննի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշչիկը:

Համանախագահները շարունակել են նախարարների հետ 2012-ի հոկտեմբերին կողմերին առաջարկված՝ խաղաղ գործընթացի առաջ մղմանն ուղղված աշխատանքային առաջարկությունների քննարկումը: Նրանք մտքեր են փոխանակել վստահության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ:    

Համանախագահները կրկնել են 2011-ի ապրիլի 14-ին եւ 2012-ի հուլիսի 13-ին իրենց արած հայտարարությունները, ինչպես նաեւ՝ նախարարների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից քաղաքացիական չվերթների իրականացման հարցը:

ԱԳ նախարարները եւ համանախագահներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների հիմք: ԱԳ նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը խաղաղ կարգավորման եւ բանակցությունները շարունակելու ուղղությամբ: Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել խաղաղ կարգավորման հետագա բանակցությունները մոտակա  շաբաթների ընթացքում:

 

 

Նախորդ հոդվածը‘Մարզիչը պահը չի կորցրել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘«Չուղարկված նամակներ»՝ արցախյան շարժման 25-ամյակին ընդառաջ’