‘Համանախագահների հայտարարությունը՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքներով. Տեսանյութ’

1366

Վիեննայում այսօր կայացած Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն: Ըստ Սերժ Սարգսյանի մամլո ծառայության՝ համանախագահների հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Համանախագահները ողջունեցին Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո:

Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը, և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:

Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-ից 6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա վերջ»:

  

Նախորդ հոդվածը‘Վիեննա. Հեռացան առանց մեկնաբանությունների, Սարգսյանն ասաց՝ «նորմալ». Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Համաշխարհային բանկը եւս $873 միլիոն վարկ կդրամադրի Հայաստանին’