‘
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հունիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, զինադադարի ռեժիմի խախտումների եւ միջազգային նորմերի ու սկզբունքների ոտնահարման բազմաթիվ փաստերի վրա՝ դրանք որակելով որպես հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներ եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման լուրջ վտանգներ:
Արցախի Հանրապետության Նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Նշենք, որ տարածաշրջան ժամանած համանախագահները հունիսի 10-ին հանդիպումներ էին ունեցել նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Սերժ Սարգսյանի հետ:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպման ժամանակ համանախագահների ուշադրությունն է հրավիրել, որ ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը եռանախագահների ներկայությամբ համաձայնություն ձեռք է բերվել մամուլի հաղորդագրության միանման տեքստի վերաբերյալ, ինչը և հրապարակվել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների կողմից, իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը, ըստ ավանդույթի, ոչ միայն չի կատարել պայմանավորվածությունը, այլև հանդես է եկել անհեթեթ մեկնաբանությամբ, թե իբր Մոսկվայի հանդիպմանը արտգործնախարարները ոչ թե կարևորել են նախորդ տարվա գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացումը, այլ՝ բանակցություններին քննարկվել են գագաթաժողովներին կայացած բանակցությունները։
Նալբանդյանն, ըստ ԱԳՆ հաղորդագրության, ընդգծել է նաեւ, որ, թեև մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլև անել լրիվ հակառակը: Ըստ Նալբանդյանի, «հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը»:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:
‘