‘Համանախագահ. ԼՂ հակամարտության միակ լուծումը բանակցային լուծումն է’

4017

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը:

«Որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները մնում է հավատարիմ Մինսկի խմբի գործընթացին եւ շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարը եւ ամենաբարձր մակարդակով շարունակել բանակցությունները՝ քայլեր ձեռնարկելով ամբողջությամբ ի կատար ածելու նախկին՝ այդ թվում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները: Ուժի չկիրառման, տարածքների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների եւ տեղահանված անձանց խնդիրները համապարփակ լուծման կարեւորագույն բաղադրիչներն են»,-  ասել է ամերիկացի համանախագահն՝ ընդգծելով, որ ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի մասով մնում է հստակ, այն է՝ այս հակամարտության միակ լուծումը բանակցային լուծումն է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա՝ հետեւելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքներին:

Համանախագահը հայտարարել է, թե Ժնեւում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը եւ նրանց՝ Մինսկի խմբի հետ կառուցողական աշխատանքի հանձնառությունը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, դրական նշան էր:

 

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի նախագահին մեղադրանք չի ներկայացվի’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳՆ Կադիրովին է կասկածում Մոսիյչուկի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ’