‘Համաշխարհային առաջնորդները՝ սոցցանցերում’

1435

Twitter սոցիալական ցանցը վաղուց կարևոր քաղաքական հարթակ է դարձել պետությունների և կառավարությունների ղեկավարների համար: Կան նաև այլ վիրտուալ հարթակներ, օրինակ՝ «Ինստագրամը», որտեղ պատրաստվում է իր էջը բացել, օրինակ, Հռոմի պապը: Պաշտոնապես՝ 79-ամյա Պապի էջը կբացվի շաբաթ օրը՝ կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պաշտոնում նրա պաշտոնակալության երրորդ տարեդարձին:

Սոցցանցերում օգտատերերի ամենամեծ թվով քաղաքական գործիչների վարկանիշը գլխավորում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման. նրա twitter-յան էջն իր վարկանիշով չորրորդ տեղում է՝ զիջելով միայն փոփ-աստղեր Քեթի Փերիին, Ջասթին Բիբերին և Թեյլոր Սվիֆթին: Ամերիկյան առաջնորդը 71 միլիոն բաժանորդ ունի:

Օբամայից հետո սոցցանցերում ամենահայտնի քաղաքական գործիչը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին է՝ 18 միլիոն հետևորդներով:

Եվրոպացի քաղաքական գործիչների մեջ 2015 թ. հետևորդների թվի տպավորիչ աճ է նկատվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի մոտ: Այնուհանդերձ՝ Պոռոշենկոյի վարկանիշն ավելի ցածր է, քան եվրոպական մի քանի ազդեցիկ քաղաքական գործիչներինը, օրինակ՝ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնինը:

Լատինական Ամերիկայի «բարձրագույն լիգայում» են Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն (5 միլիոն հետևորդ), նրա կոլումբացի և բրազիլացի գործընկերներ Խուան Մանուել Սանտոսը և Դիլմա Ռուսեֆը, ինչպես նաև Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը: Հինգերորդ տեղը կիսում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն  և Արգենտինայի նոր նախագահ Մաուրիսիո Մակրին: Ընդ որում՝ Մադուրոն համարվում է աշխարհի ամենաակտիվ օնլայն-քաղաքական գործիչներից մեկը. միջին հաշվով՝ նա օրական 64 «թվիթ» է տեղադրում:

Ռուանդայի նախագահ Փոլ Կահամեն և Քենիայի նախագահ Ուհուրու Քենիաթան Աֆրիկայի ամենահայտնի «թվիթեր»-քաղաքական գործիչներն են, նրանք 1,3 մլն բաժանորդ ունեն: Ընդ որում՝ Կահամեն սոցիալական ցանցերում աշխարհի «ամենաշատախոս» քաղաքական գործիչն է:

Դալայ-լաման 12 միլիոն բաժանորդ ունի, թեպետ վերջին ութ տարիների ընթացքում ընդամենը 1100 գրառում է կատարել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դոնի Ռոստովում աղետի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել են Փարիզի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչները’