‘
Եգիպտոսի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Հազեմ Բեբլաուին արդարացրել է ցուցարարներին ցրելու գործողությունները Կահիրեում՝ հայտարարելով, թե իշխանությունները պարտավոր էին երկրում վերականգնել անվտանգությունը: Նրա խոսքերով՝ տապալված նախագահ Մուրսիի կողմնակիցներին ցրելու որոշումը, սակայն, դժվար է կայացվել:
Մինչդեռ աշխարհը դատապարտում է Եգիպտոսի իշխանությունների ուժային միջամտությունը և զսպվածության կոչ անում հակամարտող կողմերին: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ափսոսանք է հայտնել Եգիպտոսի իրադարձությունների կապակցությամբ և դրանք անվանել «հաշտության գործընթացին հասցված հարված»: Քերին հայտարարել է, որ «բռնությունը պարզապես չի կարող խնդրի լուծում լինել և կոտրում է Եգիպտոսում խաղաղություն և ժողովրդավարություն հաստատելու հույսերը»: Ըստ Trend-ի՝Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսում կատարվածն անվանել է ցեղասպանություն սեփական ժողովրդի նակատմամբ և իշխանություններին մեղադրել բռնություն սանձազերծելու մեջ: Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ին և Արաբական երկրների լիգային՝ անհապաղ միջամտել Եգիպտոսում ծավալվող իրադարձություններին:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը դատապարտել է ուժի կիրառումը: Ռուսաստանի ԱԳՆ-ն Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել զսպվածություն հանդես բերել և լարվածության սրացում թույլ չտալ: Հիշեցնենք, որ Եգիպտոսում մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվել, 11 նահանգներում պարետային ժամ է մտցվել: «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչները հայտարարում են 2 հազար զոհերի մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘