‘Համաշխարհային առաջնորդներն ու աստղերը շնորհավորել են Իսրայելի նախագահին’

612

Համաշխարհային առաջնորդները և Հոլիվուդի աստղերը երեկ շնորհավորել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ: Հոբելյանական հանդիսությունները ներառվել են Երուսաղեմում տեղի ունեցող ամենամյա «նախագահական» համաժողովի ծրագրում, որը Պերեսի մտահղացումն է և ամեն տարի անցկացվում է ամբողջ աշխարհից մի քանի հազար քաղաքական գործիչների, գործարարների, գիտնականների և արվեստագետների մասնակցությամբ:

Հանդիսության հյուրերից էր ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, որի իշխանության օրոք էր մեկնարկել մերձավորարևելյան խաղաղ գործընթացը, իսկ Պերեսն էլ, որպես դրա ճարտարապետներից մեկը՝ արժանացել էր Նոբելյան մրցանակի: «Պերեսի երկարակեցության գաղտնիքն այն է, որ նա ապրում է ապագայով, ոչ թե անցյալով, նա միշտ մտածում է վաղվա օրվա մասին: Հենց քիչ առաջ նա ինձ խոստացավ, որ կգա իմ 80-ամյակին, 90-ամյակին ու հետո էլ ճառ կարտասանի իմ թաղմանը»,-ասել է 66-ամյա Քլինթոնը՝ հոբելյարին անվանելով «վերջին իսրայելցին, ով անձամբ ծանոթ է եղել աստվածաշնչյան Դավիթ թագավորի հետ»: Քլինթոնի մեկ այլ պատմություն ևս բավական ուրախացրել է լսարանին: Նա պատմել է, թե ինչպես է Պերեսին և Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Իցհակ Ռաբինին համոզել  1993 թ. խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո սեղմել պաղեստինյան առաջնորդ Յասիր Արաֆաթի ձեռքը: «Լավ, բայց ոչ մի համբույր»,- ասել է Պերեսը:

Հանդիսությանը ներկա են եղել նաև Հոլիվուդյան աստղեր Բարբարա Սթրեյզանդը, Ռոբերտո դե Նիրոն, Շերոն Սթոունը և այլք, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» կհանդիպեն Անգլիայի Պրեմիեր-Լիգայի արդեն 2-րդ տուրում’
Հաջորդ հոդվածը‘Անհայտ կորել է երիտասարդ աղջիկ’