‘
Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներն ամբողջ աշխարհից հավաքվել են հունական Կրետե կղզում՝ Համաուղղափառական ժողովի, որը տեղի է ունենում առաջին անգամ՝ ավելի քան հազար տարուց ի վեր:
Չնայած այս նշանակալի պատմական իրադարձությանը՝ Ռուսական, Անտիոքի, Վրաց և Բուլղարական եկեղեցիների ներկայացուցիչները ներկա չեն Կրետեի ժողովին, ինչպես հայտարարվել է՝ մի քանի կազմակերպչական հարցերի և փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ անհամաձայնության պատճառով: Մոսկվան, մասնավորապես, նաև մտավախություն է ունեցել, թե Կոստանդնուպոլսի Բարդուղիմեոս պատրիարքը, որը Տիեզերականի կարգավիճակ ունի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ ազդեցության պայքարի մեջ է, կճանաչի Մոսկովյան պատրիարքությունից հեռացած Ուկրաինական ուղղափառ եկեղեցու անկախությունը՝ դրանով իսկ յուղ լցնելով կրոնական պատերազմի մարմրացող կրակին:
Ժողովը մեկնարկել է կիրակի՝ Սուրբ Երրորդության Օրը, Իրակլիոնի մայր տաճարում մատուցված պատարագով, որը հեռարձակվել է ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում, և որին ներկա է եղել Հունաստանի նախագահը:
Ժողովն իր կարգավիճակով Տիրեզերական չէ: Ի տարբերություն հինավուրց Տիեզերական ժողովների՝ այն կոչված չէ լուծելու դավանաբանական բնույթի հարցեր: Ժողովի նախապատրասման համար պահանջվել է 55 տարի, հրավիրվել են գոյություն ունեցող 14 ուղղափառ եկեղեցիներ, որոնք ավելի քան 300 մլն հետևորդ ունեն ամբողջ աշխարհում:
Փոխանցում է BBC-ն:
‘