Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը պատանդներին ազատ արձակելու հարցով Կատարի միջնորդների միջոցով վերականգնել է շփումներն Իսրայելի հետ։
Այդ մասին տեղեկացրել է իսրայելական Yedioth Ahronoth լրատվականը։
Պարբերականը հավելել է, որ Իսրայելի ռազմական կաբինետը քննարկում է պատանդների ազատ արձակման ենթադրյալ գործարքը։
Կիրակի օրը The Wall Street Journal թերթը, հղում անելով եգիպտացի պաշտոնյաների, հաղորդել էր, որ ՀԱՄԱՍ-ը կաող է համաձայնել ազատ արձակել 50 կանանց ու երեխաների՝ պայմանով, որ Իսրայելը կհամաձայնի հնգօրյա կրակի դադարեցման։ Նրանց խոսքով՝ արմատականներն այնքան պատանդ կազատեն, որքան կին և երեխա ազատ կարձակվեն իսրայելական բանտերից։ Ինչպես նշում են աղբյուրները՝ պատանդներին կանցկացնեն Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանային «Ռաֆահ» անցակետով։ ՀԱՄԱՍ-ը նաև երաշխավորել է, որ մայրերը չեն բաժանվի իրենց երեխաներից։
Իսրայելական իշխանությունների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի մոտ պատանդ է պահվում 240-ից 250 մարդ, նրանց մեծ մասը Իսրայելի քաղաքացի է, ոմանք՝ կրկնկաի քաղաքացիությամբ՝ Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների անձնագրերով։ Մոտավորապես 35 հոգի արտասահմանցիներ են, որոնք հրեական պետության քաղաքացիություն չունեն, նրանց մեծ մասը այնտեղ աշխատող թաիլանդցիներ են։