‘
Ամերիկյան հետազոտական Freedom House կազմակերպությունը հայտարարել է ամբողջ աշխարհում ինտերնետի ազատության վատթարացման մասին:
«Ազատությունը Համացանցում-2017» ամենամյա զեկույցի համաձայն՝ ամենաշատ սահմանափակումներ ունեցողների առաջին եռյակում են հայտնվել Չինաստանը, Սիրիան և Եթովպիան:
Զեկույցում նշվում է, որ ամենանկատելի նահանջներն ազատությունից տեղի են ունեցել Ուկրաինայում, Եգիպտոսում և Թուրքիայում:
Հետազոտողների տվյալներով՝ այս տարի 30 երկրներում ի հայտ են եկել, այսպես կոչված՝ «տրոլների ֆաբրիկաներ»՝ ինտերնետ-օգտատերերի կազմակերպված խմբեր, որոնք կառավարության առաջադրանքով, դրամական փոխհատուցման դիմաց մանիպուլյացիայի են ենթարկում հասարակական կարծիքի ձևավորումը: Անցյալ տարի «տրոլների ֆաբրիկաներ» եղել են ընդամենը 23 երկրներում:
Զեկույցում նշվում է, որ 18 երկրներում օնլայն-մանիպուլյացիաների մարտավարությունն ազդեցություն է գործել ընտրությունների վրա:
Հայաստանն այս տարվա ցուցակում 32-րդ տեղում է՝ նախորդ տարվա 30-րդից նահանջելով երկու կետով: Ընդհանուր առմամբ՝ ինտերնետի ազատությունն աշխարհում արդեն մի քանի տարի շարունակ նահանջ է ապրում:
Փոխանցում է euronews-ը:
‘