‘«Հայակ»-ը ձգտելու է արժանի լինել «Հայկական Օսկար» անվանմանը ‘

841

«Հայկական Օսկարը»` «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը, 2013 թվականին կանցկացվի երկրորդ անգամ եւ վստահաբար ավելի լավը կլինի: Մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական մրցույթ է, որը կամփոփի նախորդ` 2011-12 թվականներին նկարահանված ֆիլմերը եւ կընտրի լավագույններին: Ինչպես «Արմենպրես» հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, այն այս անգամ հավանաբար կանցկացվի մարտի վերջին կամ ապրիլին, որպեսզի եղանակային պայմաններն առավել տաք լինեն. դրա հետ կապված մի շարք ծրագրեր կան:  

Քանի որ փառատոնն ի սկզբանե ստացել էր նաեւ «Հայկական Օսկար» ոչ ֆորմալ անվանումը, արվելու է ամեն ինչ, որպեսզի մրցանակաբաշխությունն արժանի լինի այդ անվանը:

«Հայակ» մրցանակաբաշխությունը ստեղծվել է հայրենական կինոարտադրության զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, ինչպես եւ կինոարտադրության նոր նախագծերին  օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով: 

Նախորդ տարի անվանակարգերը հետեւյալն էին` «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան», «Լավագույն սցենարի հեղինակ», «Լավագույն օպերատոր», «Լավագույն նկարիչ», «Լավագույն կոմպոզիտոր», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ» եւ «Լավագույն դեբյուտ». դրանց թիվն այս տարի անպայմանորեն կավելանա:

Գեւորգ Գեւորգյանի խոսքով` ամենայն հավանականությամբ՝ այս անգամ կներառվեն նաեւ հեռուստատեսային ֆիլմեր, արտասահմանյան հայ ռեժիսորների ֆիլմեր, ռեժիսորների, ովքեր հայկական թեմատիկայով են նկարահանվել, երկրորդ պլանի դերասան-դերասանուհի, մոնտաժող, հնչյունային ռեժիսոր եւ այլն: Մրցնակաբաշխությունը կոչված է աջակցելու վաստակավոր եւ երիտասարդ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական որոնումներին, հասարակության կյանքում վերականգնելու եւ մեծացնելու կինոյի դերն ու նշանակությունը` խթանելով կինոարտադրությունը Հայաստանում: Թեեւ դեռեւս հայտնի չէ, թե այս տարի քանի ֆիլմ կմրցի, որ ռեժիսորները ներկայացված կլինեն, այնուամենայնիվ, մնում է հուսալ, որ դրանք անպայմանորեն արժանի կլինեն կրելու լավագույնի տիտղոսը:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի Լիգա` 2-րդ տուր. բոլոր արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան չի ուզում պատերազմել Սիրիայի հետ’