‘Հայաստանը ավելացնում է իր վարկային պարտավորությունները ևս 37 մլն դոլարով’

668

2014թ. հուլիսի 31-ին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) խորհուրդը հաստատեց Հայաստանին վարկի տրամադրումը՝ Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագրի իրականացման համար:

Ինչպես նշվում է բանկի հաղորդագրությունում, էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիրը Հայաստանին կօգնի իրականացնել դեռևս խորհրդային տարիներից ժառանգած էլեկտրահաղորդման համակարգի հիմնանորոգումը՝ ներառյալ կառավարման և տվյալների փոխանակման համակարգի ընդլայնումը և բարձրավոլտ երկու ենթակայանների արդիականացումը:

Ծրագիրը կկրճատի էլեկտրահաղորդման կորուստները, կբարելավի ենթակայանների հզորությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման որակը և հուսալիությունը քաղաքային և գյուղական համայնքների սպառողների համար, որն իր հերթին շահավետ է թե՜ տնտեսապես, թե՜ սոցիալապես:

Նախատեսվող վարկի չափը կկազմի 37 միլիոն դոլար և կտրամադրվի ԱԶԲ-ի Ասիայի զարգացման արտոնյալ հիմնադրամից:

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի,  կայուն զարգացման, ինչպես նաև տարածաշրջանի ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և ունի 67 անդամ երկիր, որոնցից 48-ը տարածաշրջանից են: 2013թ-ին ԱԶԲ-ի ընդհանուր աջակցությունը կազմել է 21.0 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ 6,6 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորումը:

Նախորդ հոդվածը‘Արեւմտյան երկրները չեն բացառել Աֆրիկայից մահացու վիրուսի տարածումը’
Հաջորդ հոդվածը‘Ֆլեշմոբը պատել է Լեհաստանը. Սոցցանցերում զանգվածաբար խնձոր են ուտում՝ ի հեճուկս Պուտինի (ֆոտոշարք)’