‘Հայաստանը ԵԱՏՄ-ում կներկայացվի երեք անդամներով՝ մեկ ձայնի իրավունքով’

1509

Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո մինչև 2015 թ. վերջը Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում կներկայանա երեք անդամներով՝ առանց վարման ոլորտների ամրագրման, որոնք կունենան մեկ ձայն: Նման կարգ է պարունակում ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ հոկտեմբերի 11-ին ԵԱՏՄ-ի կայքում հրապարակված  պայմանագիրը:

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ներկայացուցիչներն իրենց գործառույթները կիրականացնեն մինչև լիազորությունների այն ժամկետի ավարտը, որով նշանակվել են ԵԱՏՄ-ի գործող անդամները, այսինքն՝ մինչև 2015 թ. ավարտը:

ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանը մաքսատուրքերից կազատի ռազմական արտադրանքը, որը կներմուծվի 2015-2022 թթ.:  Այս արտոնությունը, որը չի գործում Միության մյուս անդամ երկրների պարագայում, կվերաբերի այն արտադրանքին, որը նախատեսված է Հայաստանի զինված ուժերի համար: Մաքսատուրքերից կազատվեն նաև մինչև 2022 թ. Հայաստան ներմուծվող քաղաքացիական ուղղաթիռների և ինքնաթիռների որոշ տեսակներ, ինչպես նաև ԱԷԿ-ի շինարարության և նորացման համար ներմուծվող ապրանքները:

ԵԱՏՄ-ին միանալու կապակցությամբ Հայաստանը բանակցություններ կսկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամների հետ՝ այդ կազմակերպությունում իր պարտավորությունները փոխելու շրջանակներում:  Ըստ փաստաթղթի՝ այդ բանակցությունները կանցկացնի լիազորված պատվիրակությունը՝ դիրեկտիվների հիման վրա, ընդ որում՝ այդ դիրեկտիվները և պատվիրակության կազմը պետք է հաստատվեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև խմբագրվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:

Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստանի պարտավորությունները ԱՀԿ-ի շրջանակներում՝ չեն տարածվում ԵԱՏՄ-ի մյուս անդամ պետությունների վրա:

Քանի որ Հայաստանի համար նախատեսված է անցումային շրջան՝ որոշ ապրանքների նկատմամբ ԵԱՏՄ-ի մաքսատուրքեր մտցնելու հարցում, հանրապետությունը պարտավորվում է այդ ապրանքներն օգտագործել միայն իր տարածքում և թույլ չտալ դրանց դուրսբերումը ԵԱՏՄ-ի այլ երկրներ՝ առանց Միության այդ երկրներում գործող մաքսատուրքի տարբերությունը վճարելու: Ընդ որում՝ Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը իրավունք ունեն որոշելու այդ ապրանքներն իրենց տարածք մուտք գործելու կարգը:

Եվրասիական տնտեսական միությանը միանալով՝ Հայաստանը կստանա ԵԱՏՄ տարածք մուտք գործած ապրանքներից ստացված մաքսատուրքերի 1,13 %-ը: Ըստ փաստաթղթի՝ Հայաստանի միանալուց հետո Բելառուսի մասնաբաժինը կկրճատվի՝ 4,7 %-ից դառնալով 4,65 %, Ղազախստանինը՝ 7,3 %-ի փոխարեն՝ 7,25 %, Ռուսաստանինը՝ 88%-ից՝ 86,97 %:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Էլ կլասիկոն երկրպագուների ներկայացմամբ (հումարային տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան իր ռազմակայանները տրամադրել է ԱՄՆ-ին՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար’