‘
Ապագա սևծովյան Անակլիա նավահանգիստն էլեկտրաէնեգիայով ապահովման համար ոչ թե Վրաստանում, այլ Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցելու որոշում ընդունվել է` ելնելով այն բանից, որ հայկական կողմը կառավարական մակարդակով երաշխավորել է էլեկտրակայանի համար գազի անխափան մատակարարումը: Այդ մասին «Նովոստի-Գրուզիա» գործակալությանը հայտնել է Anaklia IEP Holding-ի գլխավոր տնօրեն Թեյմուրազ Կարչավան: Այս մասին տեղեկացնում է Արմինֆոն:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորությամբ ջերմային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ Anaklia IEP Holding-ի հետ համաձայնագրին: Ջերմային էլեկտրակայանն աշխատելու է «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբինով: Նախագիծը գնահատվում է $600 մլն:
«ՀՀ կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել, և ՋԷԿ կառուցման համար 13 հա տարածք հատկացրել Վանաձորում: Վրաստանն իր հերթին Անակլիա նավահանգստի համար Հայաստանից էլեկտրաէներգիայի տարանցման համար ամեն տարի 30 մլն դոլար կստանա: Իսկ եթե որոշում կայացվի, որ ՋԷԿ-ն աշխատելու է ռուսական, այլ ոչ թե իրանական գազի հաշվին, վրացական բյուջեն տարեկան ևս 25 մլն դոլար կստանա:
Anaklia IEP Holding-ի գլխավոր տնօրենը նշել է, որ նախագիծը նախատեսվում է իրականացնել երկու փուլով. առաջինը կտևի երեք տարի, որի ընթացքում կկառուցվի հիմնական ենթակառուցվածքը, երկրորդ փուլը` երկու տարի: Ինչ վերաբերում է Հայաստանում ՋԷԿ-ի կառուցմանը, այն կիրականացվի 18 ամսվա ընթացքում: Թեյմուրազ Կարչավան նաև նշել է, որ ՋԷԿ-ի կառուցման վայրի հարցը որոշելիս հաշվի է առնվել նաև էլեկտրակայանի համար գազի արժեքը: «Եթե նույնիսկ Վրաստանը կարողանար կառավարական մակարդակով երաշխավորել ՋԷԿ-ի համար տարեկան մլրդ խմ գազի մատակարարում, միևնույն է, վերջինիս գինը հազար խմ համար $100-ով ավելի թանկ կլիներ, քան Հայաստանում:
Ամեն դեպքում Վրաստանն օգուտ կունենա ինչպես Անակլիա նավահանգստի համար Հայաստանից էլեկտրաէներգիայի տարանցումից, այնպես էլ` ռուսական գազի մատակարարումների ավելացված ծավալից, եթե որոշվի օգտագործել այն, այլ ոչ թե իրանական գազը»,-նշել է Anaklia IEP Holding-ի գլխավոր տնօրենը:
Ինչ վերաբերում է Անակլիա նավահանգստի համար Հայաստանի ՋԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի տարանցմանը, կկառուցվի Վրաստանի ուղղությամբ նոր էլեկտրահաղորդման գիծ: Վրաստանի տարածքում, մասնագետների կարծիքով, կարելի է օգտագործել արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքը, նշել է Կարչավան:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր iLur.am-ը, Վրաստանում մտահոգություն է հարուցել տեղեկատվությունն այն մասին, որ վրացական Anaklia IEP Holding ընկերությունը 600 մլն դոլար է ներդնելու Հայաստանի տնտեսությունում` գազային էլեկտրակայան կառուցելու նպատակով: Տագնապ էր հարուցել այն հանգամանքը, որ Վրաստանը, որի բյուջեն մեծապես կախված է արտասահմանյան ներդրումներից, նման ծավալուն ֆինանսական ներդրում է կատարում հարևան երկրի տնտեսությունում` սեփական տնտեսությունում ներդնելու փոխարեն:
Լուրը պակաս մտահոգություն չէր հարուցել նաև Հայաստանում: Anaklia IEP Holding ընկերությունը ոչ թե վրացական գրանցում ունի, այլ օֆշորային:
‘