‘Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում Եվրոպայում մահացու ելքով ՃՏՊ-ների քանակով’

1145

Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում Եվրոպայում Ճանապարհատրանսպորտային մահացու ելքով պատահարների քանակով: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այդ են վկայում  Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային բանկի տվյալները:

Համաձայն վիճակագրության, մահացու ելքով Ճանապարհատրանսպորտային  պատահարների քանակով Եվրոպայում առաջին տեղում է հայտնվել Ռուսաստանը: 100 հազար բնակչի հաշվով երկրում արձանագրվում է 18,6 մահ 27,1 հազար ավտոմեքենայի դեպքում: Տխուր ցուցակի երկրորդ տեղում Հայաստանն է՝ 18,1 մահ 100 հազար բնակչի հաշվարկով (ավտոմեքենաների քանակի վերաբերյալ թարմ տեղեկություններ չկան): Երրորդ տեղում Վրաստանն է՝ 15,7 մահ 16,5 հազար ավտոմեքենայի դեպքում: Ադրբեջանում 100 հազար բնակչի հաշվարկով արձանագրվում է 13,1 մահ և կա 11,2 հազար ավտոմեքենա:

Ընդ որում նշվում է, որ Արևելյան Եվրոպայի երկրների բնակիչներն ավելի քիչ ավտոմեքենա ունեն, քան Արևմտյան Եվրոպայում, սակայն մահացու ելքով ավտոպատահարների քանակն ավելի  է: Հետխորհրդային երկներից ամենաանվտանգ երթևեկությունն Էստոնիայում է՝ 6,5 մահ և մոտ 49,5 հազար ավտոմեքենա:

Ճանապարհային երթևեկության տեսակետից Եվրոպայի ամենաանվտանգ երկրներն են Իսլանդիան (2,8 մահ 49 հազար ավտոմեքենայի դեպքում), Շվեդիան (3 մահ 52,5 հազար ավտոմեքենայի դեպքում) և Մեծ Բրիտանիան (3,7 մահ 51,5 հազար ավտոմեքենայի դեպքում) 100 հազար բնակչի հաշվով:

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2014-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունեցել 2288 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 220 մարդ, վիրավորվել՝ 3295-ը:

Վիճակագրությունը ուշագրավ է նաև նրանով, որ Ոստիկանությունը արագաչափերի և տեսախցիկների ներդրման հետ մեկտեղ այնըդհատ հայտարարում է, որ դրանք նպաստում են ՃՏՊ-ների քանակի նվազմանը: Վիճակագրությունը ապացուցում է, որ արագաչափերի քանակը և տուգանքների չափը մահվան ելքով ՃՏՊ-ների քանակի վրա չեն ազդում: Խնդիրը պետք է այլ տեղ ման գալ:

Նախորդ հոդվածը‘Բեռնար Շալանդը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Աղբյուր. Բաքուն մերժել է խոցված ուղղաթիռին մոտենալու՝ ԵԱՀԿ միջնորդությունը’