‘Հայաստանը խաղատուն չէ, ոչ էլ մարդիկ՝ խաղադրույքի ֆիշկաներ’

2904

Սերժ Սարգսյանի հարցազրույցից. «Այո, և դա ես առանց որևէ մտավախության եմ ասում, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանից կարող են «հասնել» նաև Երևանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այդպիսի բաներն անպատիժ երբեք չեն մնում, և Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են» (11.08.2014 «Արմնյուզ» հ/ը, «Բանաձև»):

Կարդում ես ու սարսափում, բայց ոչ թե նկարագրվածից, այլ՝ որ երկրի փաստական առաջին դեմքի այս խոսքը ոչ մի կապ չունի բանականության, առավել ևս՝ քաղաքական բանականության հետ։

Ո՞նց թե մտավախություն չունես, որ Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանից կարող են հասնել Երևանի սահմաններին։ Հետո՞ ինչ, որ դու էլ Երասխից մինչև Երևան «Աղդամի ավերակների» վերածված տարածքի փոխարեն՝  կարող ես (ենթադրենք՝ կարող ես) նույնն անել Ադրբեջանի ավելի մեծ տարածքի «ծաղկուն» բնակավայրերի հետ։ Հետո՞ ինչ։ Ուրախանա՞նք, որ Հայաստանի կեսի ավերակման դիմաց կունենանք երեք քառորդով ավերակված Ադրբեջա՞ն։ Հետո՞ ինչ։ Հետո՞ ինչ կլինի։

Այս ամենը կապ չունի քաղաքական բանականության հետ, սա խաղացողի ազարտ է։

Հայաստանը խաղատուն չէ, ոչ էլ մարդիկ՝ խաղադրույքի ֆիշկաներ։ Ո՞վ է իրավունք տվել Նախիջևանից մինչև Երևան ապրող հարյուր հազարավոր մարդկանց նայել որպես խաղատան ֆիշկաների։

Դու, Սերժ Սարգսյան, իրավունք չունե՛ս խոսել պատերազմից։

1998-ին հայտնի խմբակի հետ միասին դուք պետական հեղաշրջում եք արել հետևյալ հիմքերով.

ա) մենք տնտեսական հզորացմամբ կգերազանցենք Ադրբեջանին,

բ) դրանով կարելի է ստատուս քվոն անժամկետ պահել,

 գ) այդ կերպ, խաղաղ պայմաններում կհասնենք 8000 քառ. կմ տարածքով անկախ Ղարաբաղի միջազգային ճանաչման։

Խաղաղ պայմաններո՛ւմ, տնտեսական հզորացմա՛մբ, պատերազմի բացառմա՛մբ։

Պատերազմի հնարավորությունը բացառելով է, որ դուք իշխանության եք եկել, այլապես չէիք կարող։

Դու պատերազմի, անգամ պատերազմի մասին խոսելու մանդատ չունես։

Հիմա դեռ մի կողմ դնենք «տնտեսապես ավելի հզորացած Հայաստանն» ու «8000 քառ.կմ տարածքով անկախ Ղարաբաղը», բայց պատերազմի մասին խոսելուց առաջ, էդ նույն խմբակի անունից դու պարտավոր ես ասել՝ «1998-ին ղալաթ ենք արել»։

 

Հ.Գ. Ուշադրություն դարձրեք. Ադրբեջանի զինված ուժերն են հասնում Երևանի սահմաններին, իսկ Ադրբեջանի «ծաղկուն բնակավայրերին» հասնում են մեր հրթիռները։

Հովհաննես Դուրգարյան 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի Եվրո-2016-ի նախընտրական փուլի խաղերը կցուցադրի «Առաջին ալիքը»’
Հաջորդ հոդվածը‘Մինչև հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարները ստանալու դիմումի ձևը հասանելի է’