‘Հայաստանը կասեցնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ ‘

1090

Այսօր Սերժ Սարգսյանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ին  կացնահարած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու փաստի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տեսակետն ու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը:

Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ

«Բարեւ ձեզ հարգարժա՛ն դեսպաններ,

Ցավոք, այսօր արտառոց առիթով ենք ձեզ հրավիրել Նախագահի նստավայր: Ինչպես գիտեք, հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայողը Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջան: Եվ ինչպես մենք նախազգուշացնում էինք բազմաթիվ անգամներ, Ադրբեջանի նախագահի կողմից անհապաղ ներում է շնորհվել նրան:

Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ:

Չեմ ուզում կրկին անդրադառնալ Գուրգեն Մարգարյանի սպանության հանգամանքներին. դրանք բոլորին քաջ հայտնի են: Ինչպես ցույց տվեց դատավարությունը, այդ վայրագությունը տեղի էր ունեցել միայն այն պատճառով, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր:

Այդ հանցագործության կատարումից անմիջապես հետո ինչպես Հունգարիայի իշխանությունները, այնպես էլ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ մեր գործընկերները, մեզ անընդհատ հորդորում էին չքաղաքականացնել այս գործը: Մեզ անընդհատ հորդորում էին վստահել այդ կարևոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատությանը:

Մենք ամենայն ուշադրությամբ հետևում էինք ոճրագործի շուրջ բոլոր զարգացումներին: Հունգարիայի Նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի, դեսպանի հետ մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ այս հարցն արծարծվել է, և մենք բազում անգամ ստացել ենք հավաստիացումներ, որ հանցագործի վերադարձը Ադրբեջան կամ փոխանցումը բացառվում է: Նույնն են ասել մեր հարցումներին ի պատասխան Հունգարիայի արտաքին գերատեսչությունում և խորհրդարանում վերջին օրերի շփումների ընթացքում: Տեղի ունեցած ուխտադրուժ զարգացումների արդյունքում մարդասպանը հայտնվեց Բաքվում և ազատության մեջ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես ոչինչ չունեմ ասելու: Ուղղակի ոչինչ չունեմ ասելու: Այդ երկիրը իր քայլերով խոսում է իր մասին, և ես չէ, որ դա պետք է բացատրեմ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,  դեսպաններ,

Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ:

Ես սա հանդուրժել չեմ կարող:

Հայաստանի հանրապետությունը դա հանդուրժել չի կարող:

Հայ ժողովուրդը դա չի ներելու:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը:

Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ և միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ:
Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առջև:
Կեսգործողություններն ու դատարկախոսությունները անընդունելի են:
Տեղի ունեցածի հանդեպ գործողությունների հիման վրա ենք մենք դատելու հայ ժողովրդի անվտանգության հանդեպ մեր գործընկերների վերաբերմունքի մասին:
Խնդրում եմ ձեզ ամենաշտապ կերպով փոխանցել իմ այս անձնական ուղերձը ձեր պետությունների ղեկավարներին ու կառավարությունների ղեկավարներին:

Այսքանը: Չգիտեմ, իմաստ ունի՞ հարց ու պատասխան սկսել, թե՞ ոչ: Կարծում եմ, որ ոչ, որովհետեւ, իրոք, տեղի ունեցածը մի այնպիսի բան է, որ նորմալ մարդու, նորմալ գործչի ուղեղի մեջ շատ մեծ դժվարությամբ կարող է տեղավորվել: Չեմ ուզում ավելորդ բառեր ասել, բայց զարգացած երկիրը, իրեն քաղաքակիրթ համարող երկիրը իրավունք չունի այսպես վարվելու, և այդպիսի երկիրն արժանի է իր գործընկերների գնահատականին»: 

 

Լուսանկարում՝ Հայաստանի նախագահ Սրեժ Սարգսյանը և Հունգարիայի Նախագահ Լասլո Շոյոմը
Լուսանկարը՝ www.president.am

Հաջորդ հոդվածը‘Կոնգրես. ավելի կարեւոր է Հայաստանի գործող իշխանության պատասխանատվության հարցը’