‘
Եվրապարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարով Հայաստանը վաղաժամկետ կմարի տնտեսական ճգնաժամի ժամանակ Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկի մայր գումարը` 440 մլն դոլարը և տոկոսները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը, այդ մասին ՀՀ կառավարության նիստում նշել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: «Եվրապարտատոմսերից ստացված 60 մլրդ դրամ կհատկացվի ՀՀ կենտրոնական բանկին` փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար, խթանելով տնտեսությունը և բարենպաստ միջավայր ստեղծելով բիզնեսի համար: Բացի դրանից, 3,9 մլրդ դրամ կհատկացվի ՓՄՁ վարկային կազմակերպությանը` ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու համար: 29 մլրդ դրամ էլ կուղղվի պետական պարտքի կառավարման ռազմավարության փոփոխությանը, ինչը բարենպաստ միջավայր կստեղծի ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելու համար»,- ասել է Դավիթ Սարգսյանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ եվրապարտատոմսերի թողարկման գործընթացի շուրջ մի շարք գործիչների բացասական եզրակացություններին: «Մենք վարձել ենք աշխարհի լավագույն իրավաբանական կազմակերպություններից մեկին, որը մեզ օգնել է այս գործընթացը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան իրականացնելու համար, տեղաբաշխումն իրականացրել են աշխարհի հայտնի երեք ընկերություններ` «Դոյչե» բանկը, GP Morgan-ը և HSBC-ն: Պարտատոմսերը կարողացել ենք տեղաբաշխել այս պահի դրությամբ ամենացածր տոկոսադրույքներով»,- ընդգծեց վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով` շնորհիվ այս տեղաբաշխման` կառավարությունը կարողանում է բարելավել վճարային հաշվեկշռի վիճակը, հաջորդ տարվա պետական բյուջեի կատարողականի առումով ստանալ դրական իրավիճակ, ունենալ տնտեսումներ: Ըստ վարչապետի` այդ ամենը թույլ կտա նաև, որպեսզի բիզնես վարկերի տոկոսադրույքները նվազեն: Արժույթի միջազգային հիմնադրամը ևս նշել է, որ եվրապարտատոմսերի տեղաբաշխումը չափազանց դրական ձեռքբերում է Հայաստանի համար, երկիրն առաջին անգամ կարողացավ հայտնվել ներդրողների քարտեզի վրա, հարյուրից ավելի ներդրողներ հետևելու են Հայաստանի շուկային:
Տիգրան Սարգսյանի համոզմամբ` եվրապարտատոմսերի տեղաբաշխումը բացառիկ հնարավորություն է միջոցներ ներգրավելու համար, ինչը ենթադրում է նաև համաշխարհային շուկայից ավելի ցածր տոկոսադրույքներով միջոցների ներգրավում:
Հայաստանը թողարկել էր 700 մլն դոլարի եվրապարտատոմս: Հայաստանի կառավարությունն առաջին եվրապարտատոմսերի թողարկման հայեցակարգը հավանության էր արժանացրել այս տարվա մայիսին։
‘