‘Հայաստանը հրահրեց բանավեճը եւ լռեց ‘

904

Հուլիսի 12-ին  պաշտոնական Անկարան բավականին կոշտ ձեւակերպումներով արձագանքեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ Հայ Թուրքական հարաբերությունների շուրջ օրեր առաջ արված հայտարարությանը («Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին պետք է նյութական փոխհատուցում տրամադրվի, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում կանգուն մնացած եկեղեցիները, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները». Աղվան Հովսեփյան):

Թուրքիայի ԱԳՆ հրապարակման մեջ մասնավորապես նշվում էր. «Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունն արտացոլում է Թուրքիայի տարածքային ամբողջականության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխող շրջանների դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը, սակայն, հակասում է այնպիսի միջազգային կազմակերպությունների առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն: Բոլորը պետք է լավ յուրացնեն՝ որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի»: 

Ստեղծված իրավիճակում որոշ հարցեր են առաջանում ՀՀ արտաքին գերատեսչության ընտրած գործելաոճի մասով: Հայ-Թուրքական հարաբերությունների վերաբերյալ նման անդրադարձ կատարելով Աղվան Հովսեփյանը, փաստորեն, ստիպել է թուրքական իշխանություններին անհապաղ արձագանքել իր հնչեցրած հայտարարությանը: Սակայն պաշտոնական Անկարայի վիրավորական եւ կոշտ ձևակերպումը ՀՀ արտգործնախարարության կողմից որևէ արձագանքի չի արժանացել: Ստացվում է, որ հայկական կողմը մի կողմից բանավեճ է սկսել Անկարայի հետ, մյուս կողմից իր լռությամբ անպատասխան թողել ՀՀ հասցեին՝ Անկարայի  հնչեցրած վիրավորանքը:

Հատկանշական է նաև, որ մինչ օրս հայտնի չէ՝ արդյո՞ք Աղվան Հովսեփյանը փորձել էր իր հայտարարությունը ինչ-որ կերպ համաձայնեցնել ՀՀ արտաքին գերատեսչության հետ:

iLur.am-ի լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ զերծ է մնում վերոհիշյալ խնդրին առնչվող որևէ մեկնաբանությունից:  

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Էդ գյուղապետարանի ընտրություններն ի՞նչ էին, որ պետք է փող բաժանեինք’
Հաջորդ հոդվածը‘Երեւանի Կենտրոնում վթարի հետեւանքով առաջացած հոսանքազրկումը կվերականգնվի (տեսանյութ)’